Եթե այդքան հոգ եք տանում ժողովրդի առողջության մասին՝ ինչու՞ ձեռնպահ քվեարկեցիք. Ավանեսյանը պատռեց ընդդիմության դեմքը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ի հեճուկս բոլոր գուժումների և հոռետես կանխատեսումների՝ 2026-ին հաջողությամբ ներդրեցինք առողջության համընդհանուր ապահովագրությունը, և 100 հազար քաղաքացի առաջին անգամ հնարավորություն ունեցավ ժամանակին բուժվել, վերականգնվել և ապահով զգալ, քանի որ պետությունն իրենց կողքին է և հոգ է տանում իրենց ծախսերի մասին»։

Այդ մասին Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով սպասարկվել է 16,2 մլն դեպք, և որ հաջորդ տարի համակարգը կընդլայնվի, ու ևս 400 հազար քաղաքացի հնարավորություն կստանա օգտվելու ապահովագրական փաթեթից։

«Հաջորդ տարվա համար պետությունը շարունակելու է 100 տոկոսով փոխհատուցել մինչև 18 տարեկանների, 65+ տարիքի անձանց և սոցիալական տարբեր խմբերի ապահովագրավճարը և սուբսիդավորելու է մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողներին։ Այս նպատակի համար կհատկացվի 276 մլրդ դրամ»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ համակարգն իրականություն է դարձել խաղաղության շնորհիվ։

Անահիտ Ավանեսյանը նաև նշեց, որ առողջության համընդհանուր ապահովագրությունը սպասված ու ճիշտ ներդրում է այսօրվա և ապագայի մեջ։

«Ծրագրերը շատ են, արդյունքները՝ ակներև, բայց մի թիվ կա, որն իմ սիրտն առանձնահատուկ է ջերմացնում ապահովագրության ներդրումից ի վեր։ 28271 քաղաքացի վերագտել է իր աչքի լույսը, կարողանում է ինքնուրույն իր կարիքները հոգալ՝ կարդալ, զմայլվել բնությամբ, թոռնիկներով», – ասաց նախարարը։

Ելույթի շրջանակում Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ և՛ 2026, և՛ 2027 թվականների բյուջեներն այն մասին են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իրականացնում է իր խոստումները։

Leave a comment