«Դադարեցրեք ճանճը փիղ դարձնել, ես աթոռն ավելի լավ էի կառավարում, քան դուք՝ բարձրախոսը»․ Վահագն Ալեքսանյանը՝ իր՝ ԱԺ նիստերի դահլիճում աթոռ նետելու մասին

«Հաշված օրերի ընթացքում կհրապարակվի սահմանադրության նախագիծը»,- լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՔՊ խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։

Փաստմանը՝ ընդդիմությունից ասում են՝ եթե անկախության հռչակագիրը հեռացվում է Սահմանադրությունից, դրա վերջը չի կարող լավ լինել և մտահոգություն ունեն, որ դա արվում է Ադրբեջանի պահանջով, Վահագն Ալեքսանյանն արձագանքեց․ «Խոսքը հեռացման մասին չէ, սրանք սահմանադրական փոփոխություններ չեն, այլ նոր սահմանադրություն է, որը չի ներառվում։ Եթե ընդդիմությունը դեմքի լուրջ արտահայտությամբ պետք է բացատրի, որ ՀՀ սահմանադրության մեջ պետք է ՀՀ-ԼՂ միավորման մասին ԳԽ որոշումը լինի, ապա պատրաստ ենք նաև նրանց ռացիոնալ փաստարկումները լսել»։

Հարցին՝ եթե Անկախության հռչակագրին հղում լինի Սահմանադրության մեջ, դա նշանակո՞ւմ է, որ ՀՀ-ն տարածքային պահանջներ է ներկայացնում Ադրբեջանին, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց․ «Ակնհայտ է, որ դա տարածքային պահանջ է։ Այդ ձևակերպումն ինքնին տարածքային պահանջ է, ուրիշ բան, որ Սահմանադրության տեքստում ուղիղ տեքստով դա գրված չէ»։

Լրագրողների դիտարկմանը՝ եթե այդ նույն տեքստով գրված չէ, ի՞նչ իմաստ ունի դա հանելը, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց․ «Դե եկեք գրենք՝ ծաղիկ, մանուշակ, վարդ, պարտեզ․ իսկ ի՞նչ իմաստ ունի Սահմանադրության մեջ գրել ոչ մի բան չնշանակող արտահայտություն․․․պատմական, պատմական․ եկեք գրենք՝ Ուրմիա լիճն էլ է մերը»։

Հարցին՝ ինչո՞ւ եք ԱԺ նիստերի դահլիճում աթոռ նետել, Ձեր արարքներում հանցակազմ տեսնո՞ւմ եք, Վահագն Ալեքսանյանն ի պատասխան լրագրողներին հորդորեց․ «Դադարեցրեք ճանճը փիղ դարձնել, ձեզ թվում է՝ հերքո՞ւմ եմ, որ աթոռ եմ նետել։ Հարգելի գործընկերներ, նպատակը սաստելն էր. ԱԺ ընդդիմադիր պատգամավորների կողմից ամբիոնից ելույթ ունեցող պատգամավորի նկատմամբ հարձակումը սաստելն էր»։

Հարցին՝ իսկ չէի՞ք մտածում, որ կարող էր աթոռը կպչել գործընկերոջ քունքին, ու նա մահանար, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց․ «Մարդիկ նույնիսկ քերծվածք չէին ստացել․․․ես այդ աթոռն ավելի վարժ եմ կառավարել, քան Դուք՝ բարձրախոսը»։

Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment