Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 անձնական իրեր հանվել են աճուրդի

Ամերիկացի հանգուցյալ փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 անձնական իրեր, այդ թվում՝ 1986 թվականի «American Music Awards»-ի մրցանակը, հանվել են աճուրդի «Julien’s Auctions»-ի կողմից։

Աճուրդի տան կայքում առկա վերջին տվյալների համաձայն՝ ամենաթանկարժեք իրը ​​1983 թվականին նկարահանված «Thriller» երգի տեսահոլովակում օգտագործված կարմիր կաշվե բաճկոնն է, որի համար առաջարկվող գինը հասել է 8,5 միլիոն դոլարի։

«American Music Awards»-ի մրցանակի համար արվել է ավելի քան 30 առաջարկ․ վերջինը կազմում է 7000 դոլար։ Ընդհանուր առմամբ աճուրդի է հանվել 110 լոտ: Հիմնականում ներկայացված են երգչի բեմական հագուստները, տեսահոլովակներում օգտագործված հագուստները և տարբեր աքսեսուարներ։

Այս աճուրդը «Julien’s Celebrity & Pop Culture Experience» միջոցառման մի մասն է, որը տեղի կունենա Աբու Դաբիում՝ դեկտեմբերի 7-ից 9-ը։

Ջեքսոնը արժանացել է «Գրեմմի»-ի 13 մրցանակի, ինչպես նաև պատվավոր «Գրեմմի»-ների՝ «Գրեմմիի լեգենդ» (1993 թ.) և «Կյանքի ընթացքում ձեռք բերած նվաճումների համար» (2010 թ., շնորհվել է հետմահու) մրցանակներին։ Ամբողջ աշխարհում վաճառվել է նրա ձայնագրությունների ավելի քան 1 միլիարդ օրինակ։ «Forbes» ամսագրի տվյալներով՝ Ջեքսոնը գլխավորում է այն հայտնի անձանց ցուցակը, որոնց մշակութային ժառանգությունը շարունակում է եկամուտ բերել նույնիսկ նրանց մահից հետո։

Leave a comment