«Միշտ էլ կարելի է սահմանադրության ավելի լավ տեքստ քննարկել, բայց երբ դա ուղիղ թշնամի պետության պահանջով է արվում, մեզ համար անընդունելի է»․ Լևոն Քոչարյան

«Ընդհանրապես կապ չունի»,- լրագրողների դիտարկմանը՝ ՔՊ-ից հնչում են ընդդիմությանն առաջարկներ, թե դուք մեր առաջարկած սահմանադրության նոր տեքստին կողմ քվեարկեք, մենք էլ ձեր հայտարարություններին կողմ կքվեարկենք, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Նա փաստեց՝ ՔՊ-ն հունիսի 7-ին ընտրություններին չի ստացել այնքան ձայն, որ անցկացնի սահմանադրական հանրաքվե․ «ՔՊ-ն ստացել է 49 տոկոս ձայն, դա բավարար չէ, որ կարողանա սահմանադրական հանրաքվե նախաձեռնել։ Կարծում եմ՝ այս մասով պատասխանը տվել են մեր քաղաքացիներն իրենց քվեարկությամբ։ Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ապա միշտ էլ կարելի է ավելի լավ տեքստ ու սահմանադրություն քննարկել, բայց երբ դա ուղիղ թշնամի պետության պահանջով է արվում, մեզ համար անընդունելի է։ Եթե խնդիր չլիներ դրված Անկախության հռչակագիրը հանելը, կարելի էր քննարկել, միշտ էլ կարելի է քննարկել սահմանադրությունն ավելի լավը դարձնելը։ Ինձ համար անընդունելի է  Ադրբեջանի պահանջով փոխել Մայր օրենքը, սրա վերջը լավ լինել չի կարող»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment