Ակնհայտ ապօրինի է կիրառվել այդ կալանքը։ Չէր կարող տնային կալանքում գտնվող անձի նկատմամբ ևս մեկ կալանք կիրառվել. Կարապետյանի պաշտպան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և մյուսների գործով վաղը՝ նոյեմբերի 18-ին, լրանում է Կարապետյանի տնային կալանքի ժամկետը։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանում քննարկվեց նաև այդ հարցը։

Գործով մեղադրող Արգամ Դալլաքյանը հայտնեց, որ Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն չի ներկայացնի, քանի որ նախաքննության փուլում գտնվող մեկ այլ քրեական գործով Կարապետյանն արդեն կալանքի տակ է։

Պաշտպաններից Ռուբեն Հակոբյանն էլ նշեց, որ Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքն ապօրինի է՝ հաշվի առնելով, որ նրան կալանավորել են այն ժամանակ, երբ նա գտնվել է տնային կալանքի տակ։

Հակոբյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում պետք է վերացվեն նաև գրավը և բացակայելու արգելքը. «Միաժամանակ կիրառված է երկու կալանք խափանման միջոց, օրենքը դա բացառում է։ Ակնհայտ ապօրինի է կիրառվել այդ կալանքը։ Չէր կարող տնային կալանքում գտնվող անձի նկատմամբ ևս մեկ կալանք կիրառվել։ Տնային կալանք խափանման միջոց չի կարող գոյություն ունենալ։ Հորդորում ենք՝ դատարանը կայացնի օրենքից բխող որոշում, բայց, եթե վերացվի տնային կալանք խափանման միջոցը, պետք է վերացվեն այլընտրանքային բոլոր խափանման միջոցները»։

Դատարանը որոշեց, որ այս փուլում հարցը չի քննարկի, քանի որ Կարապետյանը կալանքի տակ է, և, ըստ էության, այս գործով տնային կալանքի մեջ չի գտնվում։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Կայծաղբյուր» ՍՊԸ-ի (իրավահաջորդ՝ «Ալյանս Էներգո» ՍՊԸ) փաստացի շահառուների՝ իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանի, տնօրեն Կարեն Հարությունյանի և «Արցախ Էներգո» ՓԲԸ-ի տնօրեն Անդրանիկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, կազմակերպել և ղեկավարել է ընկերության տնօրեն Վլադիմիր Թարջումանյանի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 1.841.330.078 դրամի հարկեր վճարելուց խուսափելը։

Բացի այդ, մեղադրանքի համաձայն՝ նա «Հիդրո Ինվեստ Գրուպ», «Կայծաղբյուր», «Սոլար Պառկ», «Էներգո Գրուպ» և «Ալյանս Էներգո» ՍՊԸ-ների իրավասու անձանց ներգրավմամբ, 2020-2023 թվականներին նյութական օգուտներ ստանալու և ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով, այդ ընկերությունների օգտագործումը կազմակերպելու միջոցով, ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.972.955.628 դրամ, այնուհետև նույն եղանակով օրինականացրել հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով գույք։

Մեղադրանքի մեկ այլ դրվագի համաձայն՝ Սամվել Կարապետյանը «Ստրոյպրոյեկտ» ՓԲԸ-ի տնօրեններ Րաֆֆի Նալչաջյանի և Վարդան Վարդանյանի հետ նախնական համաձայնությամբ, նյութական օգուտներ ստանալու և ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով, նշված ընկերության օգտագործման միջոցով, վերջիններիս կողմից ծառայողական լիազորությունների և դրանցով պայմանավորված ազդեցության գործադրմամբ օրինականացրել է հանցավոր ծագում ունեցող և օրինական գործունեությամբ չհիմնավորվող՝ առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment