Առհասարակ ոչ մի խախտում չկա, ամեն ինչ ճշգրիտ է արված։ Մեղադրանքն ինձ համար շատ անհասկանալի է. Սամվել Կարապետյանի գործով վկա

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում հարցաքննվեց գործով վկա Արթուր Հարությունյանը։ Նա հաշվապահական ծառայություններ մատուցող «Nexia Armenia» ընկերության ղեկավարն է։

Վկան հայտնեց, որ գործով մեղադրյալներից Անդրանիկ Խաչատրյանին նախկինում մի քանի անգամ հանդիպել է, մյուսներին չի ճանաչում, իսկ Սամվել Կարապետյանին ճանաչում է հեռուստատեսությամբ։

Նիստը նախագահող դատավորը հետաքրքրվեց, թե վկան ինչ տեղեկություններ ունի գործով մեղադրյալներ Վլադիմիր Թարջումանյանի, Անդրանիկ Խաչատրյանի և Սամվել Կարապետյանի առաջադրված մեղադրանքների վերաբերյալ, մասնավորապես՝ հաշվի առնելով, որ իր ղեկավարած ընկերությունը ծառայություններ է մատուցել Թարջումանյանի ղեկավարած ընկերությանը։

«Ինձ համար՝ որպես հարկային և հաշվապահական մասնագետի, անհասկանալի է։ Իմ պատկերացմամբ՝ առհասարակ ոչ մի խախտում չկա, ամեն ինչ ճշգրիտ է արված։ Մեղադրանքն ինձ համար շատ անհասկանալի է։ Խոսքը գնում է ՀԷԿ-ի հետ կապված ինչ-որ գործարքների մասին՝ տուրբիններ էին, թե ինչ։ Դրանք Արցախում տեղի ունեցած դեպքերից հետո ապամոնտաժվել, բերվել և վաճառվել են։ Ամեն ինչ արվել է օրենքի համաձայն։ Ես չգիտեմ՝ ինչում են մեղադրվում, գուցե այլ բան կա, ինձ հայտնի չէ։ Մասնագիտական առումով որևէ սխալ չկա»,- ասաց վկան։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել մի քանի դրվագով։ Մասնավորապես, նրան մեղսագրվում է «Կայծաղբյուր» ՍՊԸ-ի փաստացի շահառուների և ղեկավարների հետ նախնական համաձայնությամբ՝ առանձնապես խոշոր չափերով՝ 1.841.330.078 դրամի հարկեր վճարելուց խուսափելը, ինչպես նաև մի շարք ընկերությունների միջոցով խաբեությամբ 4.972.955.628 դրամ հափշտակելը և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը։

Բացի այդ, մեղադրանքի համաձայն՝ նա «Ստրոյպրոյեկտ» ՓԲԸ-ի տնօրենների հետ նախնական համաձայնությամբ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներ, որոնց ծագումը չի հիմնավորվել օրինական գործունեությամբ։

Հանրային մեղադրողն անդրադարձավ վիճահարույց տուրբոգեներատորային կայանների ձեռքբերմանը և հետաքրքրվեց, թե վկան ինչ տեղեկություններ ունի դրանց տեղադրման ու հետագա գործարքների վերաբերյալ։

«Դրանցից մեկը պետք է գար, գնար Արցախ և ճանապարհին էր, երբ Արցախի կորուստը եղավ, այլևս չգնաց Արցախ։ Տեղ էին փնտրում, որ տեղադրեին։ Մյուսները, որքան հնարավոր էր, ապամոնտաժել և բերել են պատերազմից հետո»,- պատասխանեց վկան։

Հարցին, թե գույքի հետ կապված հաշվապահական հաշվառում իրականացվե՞լ է, վկան պատասխանեց.

«Գույքը գալիս է՝ մուտքագրվում է, գնում է՝ ելքագրվում է, այսինքն՝ եթե վաճառվում է, ձևակերպվում է հաշիվ-ապրանքագիր։ Դա գրանցվում է հաշվապահական հաշվառման մեջ։ Մեր աշխատողները հաշվառել են»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment