ՀՀ ներքին գործերի փոխնախարար․ Ոչ բոլոր դիմորդները կազատվեն ժամկետային ծառայությունից

ՀՀ–ում ժամկետային ծառայությունից կազատվեն ոչ բոլորը, ովքեր կընդունվեն ոստիկանության կամ փրկարարների մասնագիտություններով սովորելու։ ԱԺ–ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը ներկայացնելիս այս մասին ասաց ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։

Նրա խոսքով` զորակոչից կազատվեն նրանք, ում մասին կառավարությունը կկայացնի համապատասխան որոշում` հաշվի առնելով զինված ուժերի կարիքները։ Մկրտչյանի խոսքով` այս պահին 2027 թվականի համար նախատեսվել է, որ 70 անձ ոստիկանությունում և փրկարար ծառայությունում կազատվեն ժամկետային զինծառայությունից։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 29-ին հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագծին, որը ՀՀ ոստիկանությունում և փրկարարական ծառայությունում ծառայության անցնող անձանց թույլ կտա ժամկետային ծառայություն չանցնել զինված ուժերում:

Մի քանի տարի առաջ այս կարգը գործում էր, բայց հետո վերացվեց, և այժմ ոստիկանություն և ՆԳՆ փրկարարական ծառայություն կարող են դիմել միայն ժամկետային ծառայություն անցած անձինք:

Եթե օրենքում փոփոխություններ կատարվեն, ապա Ոստիկանության ակադեմիան կամ փրկարարների համար նախատեսված համապատասխան ուսումնարանն ավարտած անձինք կազատվեն զինվորական ծառայությունից՝ նշված ուժային ստորաբաժանումներում առնվազն 10 տարի անընդմեջ ծառայելու պայմանով:

Sputnik Արմենիա

Leave a comment