«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի կուսակիցների պնդմամբ՝ նրա նկատմամբ ճնշումները շարունակվում են, իսկ այս գիշեր հոգեկան խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել նրա բանտախուց։ «Փաստենք, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձին բերել են ինտելեկտուալ, հայրենասեր, հայամետ քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանի խուց հատուկ նպատակով»,- հայտարարեց «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը՝ այդ առիթով կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ։
«Անդրանիկ Թևանյանի՝ բանտախցում գտնվելը լուրջ հարված է Հայաստանի Հանրապետությանը, ոչ միայն ներքին խնդիրների առկայության պայմաններում, այլև արտաքին միջազգային հարթակների, արտաքին դիվանագիտության տեսանկյունից։ Մենք պահանջում ենք, որ անհապաղ արդարացվի և շուտափույթ ազատ արձակվի Անդրանիկ Թևանյանը, վերադարձվի նրա բարի համբավը, որ փորձում են արատավորել։ Բոլոր այն անձինք, որոնք պատասխանատու են Անդրանիկ Թևանյանի բարի համբավն արատավորելու համար, պատասխանատվության են ենթարկվելու վաղ թե ուշ, Աստծո դատաստանից էլ չեն կարողանալու խուսափել, իսկ կոկորդիլոսի արցունքները նրանց չեն փրկելու։
Այս պահին հոգեկան խանգարումներով անձին պետք է անհապաղ հեռացնել այդ խցից, տանել հոգեբուժարան, իսկ եթե հոգեբուժարաններում տեղ չունեն, ապա նորմալ և հայրենասեր մարդկանց, ում քաղաքական հայացքների համար ապօրինաբար կալանավորել են, պետք է անհապաղ ազատ արձակեն։ Մենք պահանջում ենք, որ հենց այսօր Անդրանիկ Թևանյանն արդարացվի, բոլոր մեղավորներն էլ պատժվեն»,- ասաց Աղեկյանը։
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: