Խցանումներից խուսափելու համար քննարկվում են կենտ ու զույգ համարներով երթևեկության սահմանափակումներ և տուգանքների խստացում․ Ավինյան

Երևանի կենտրոնում նախատեսվում է վերացնել որոշ կայանատեղիներ և դրանց փոխարեն երթևեկության լրացուցիչ գոտիներ ստեղծել։ Միաժամանակ քննարկվում է մեքենաների քանակի կարգավորումը, տարբեր վարչական շրջաններում արտանետումների ստանդարտների ներդրումը և խախտումների համար տուգանքների խստացումը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Անդրադառնալով հարցին, թե կոնկրետ ինչ սահմանափակումներ են նախատեսվում մարդատար ավտոմեքենաների համար, Ավինյանն ասաց որ Երևանում արդեն իսկ գործում են փաստացի սահմանափակումներ՝ պայմանավորված մեքենաների մեծ քանակով և վարորդների կողմից երթևեկության կանոնների խախտումներով։

«Այսօր Երևան քաղաքում գործում են փաստացի սահմանափակումներ։ Ի՞նչ սահմանափակումներ են դրանք։ Դրանք էն սահմանափակումներն են, որոնց առերեսվում ենք ամեն օր Երևան քաղաքում պիկ ժամին երթևեկելիս։ Դա ավտոմեքենաների աննորմալ քանակն է՝ մեկ, և ավտոմեքենաների տարբեր վարորդների՝ որոշ դեպքերում անկանոն վարելու ձևերն ու կանոններ խախտելը, որը բերում է շղթայաձև խցանումների՝ երկուս»,- ասաց քաղաքապետը։

Նրա խոսքով՝ քննարկվում է Երևանում տարբեր վարչական շրջաններում «Եվրո 3», «Եվրո 4», հետագայում՝ հնարավոր է նաև «Եվրո 5» ստանդարտների ներդրումը։ Դա թույլ կտա կարգավորել ավտոմեքենաների քանակը՝ կախված դրանց արտանետումներից։

«Սա չի նշանակում, որ մարդն իր ավտոմեքենայով չի կարողանալու տվյալ վարչական շրջան մտնել, դա նշանակում է, որ կարողանալու է մտնել ինչ-որ սահմանափակումներով։ Այսինքն՝ կան տարատեսակ լուծումներ՝ կան կենտ և զույգ համարների սահմանափակումները, կան տուրքի ներդրմամբ սահմանափակումները, և էս բոլոր լուծումները դրվելու են հանրային քննարկման»,- նշեց Ավինյանը։

Քաղաքապետն ընդգծեց, որ առաջնահերթություն է լինելու հանրային տրանսպորտի անխափան աշխատանքը։ Նրա խոսքով՝ հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ստեղծումն ու դրա երթևեկության առաջնահերթության ապահովումը քննարկման ենթակա չեն։

«Հանրային տրանսպորտը պետք է ունենա առանձնացված գծեր, և տարբեր ուղղություններով հանրային տրանսպորտը պետք է կարողանա անխոչընդոտ երթևեկել՝ ունենալով առավելություն բոլոր մնացած տրանսպորտային միջոցների նկատմամբ ու մասնավորապես՝ մարդատար ավտոմեքենաների նկատմամբ»,- ասաց նա։

Անդրադառնալով վարորդների առաջարկներին՝ Կենտրոնում կայանատեղիներ կառուցելու և կարմիր գծերի մի մասը երթևեկության գոտիների վերածելու վերաբերյալ՝ Ավինյանը նշեց, որ այդ աշխատանքներն արդեն իրականացվում են։

«Այսօր էլ Երևանում՝ փոքր Կենտրոնում, տարբեր հատվածներում կայանատեղիները վերացնում ենք, և այդ կայանատեղիների հատվածում դարձնում ենք երթևեկելի գոտի»,- ասաց քաղաքապետը։

Որպես օրինակ՝ նա մատնանշեց Նալբանդյան փողոցը, որտեղ կայանատեղիների թեք դիրքավորումը փոխարինվել է ուղիղ դիրքավորմամբ։ Ավինյանի խոսքով՝ դրա արդյունքում լրացուցիչ երթևեկելի գոտի է ստեղծվել։ Նա նաև հայտնեց, որ նախատեսվում են նոր կայանատեղիներ, այդ թվում՝ Շահումյանի հրապարակում, ինչպես նաև կարուսելային կայանատեղիների կառուցման ծրագրեր։

Այդուհանդերձ, քաղաքապետի խոսքով՝ միայն կայանատեղիների ավելացումը չի լուծի խնդիրը, քանի որ երթևեկությանը մասնակցող մեքենաների քանակն արդեն անցել է այն շեմը, որից հետո անհրաժեշտ է այն նվազեցնել։

Ավինյանը նշեց նաև, որ քննարկվում է բեռնատարների համար սահմանված կանոնների խստացումը։ Նրա խոսքով՝ բեռնատարներն այսօր էլ իրավունք չունեն մուտք գործել որոշ տարածքներ, սակայն դրա համար նախատեսված տուգանքը 5000 դրամ է։

«Հենց հիմա ՆԳՆ-ն քննարկում է, որ բալ ենք հանելու և տուգանքի չափն ենք ավելացնելու։ Եվ եթե կարիք կլինի որոշակի հավելյալ լուծումների, որ առհասարակ մուտքը արգելենք ինչ-որ որոշակի խոչընդոտներ ստեղծելով, դա էլ նույնպես իրականացնելու ենք»,- ասաց քաղաքապետը։

Անդրադառնալով էստակադաների և թունելների կառուցման առաջարկներին՝ Ավինյանը նշեց, որ դրանք կարող են թեթևացնել երթևեկությունը միայն կոնկրետ հատվածներում, սակայն խնդիրը տեղափոխել այլ կետեր։ Նրա խոսքով՝ նման կառույցները կարող են նաև վնասել հանրային տարածքների բնականոն միջավայրը, իսկ շինարարության ընթացքում մի քանի տարի շարունակ երթևեկությունն ավելի կծանրաբեռնվի։

«Ի՞նչ են անում վատ կողմից թունելն ու էստակադան՝ մարդկային բնականոն միջավայրը և հրապարակը աղճատում են։ Այսինքն՝ մարդկանց համար էդ հրապարակը դառնում է ավելի անհարմար, ավտոմեքենաների համար՝ հարմար»,- նշեց նա։

Քաղաքապետի խոսքով՝ նույնիսկ թունելի կամ էստակադայի կառուցումից հետո, եթե չկարգավորվի երթևեկությանը մասնակցող մեքենաների քանակը, խնդիրը կրկին առաջանալու է։

Նա հավելեց, որ խցանումների դեմ պայքարի հիմնական ուղղություններից մեկը վարորդների՝ շղթայական խցանումներ առաջացնող խախտումների դեմ պայքարն է։ Ավինյանի խոսքով՝ քաղաքապետարանն այդ նպատակով վերլուծում է տեսախցիկների տվյալները, այդ թվում՝ արհեստական բանականության միջոցով։

«Կան կոնկրետ տեսակի իրավախախտումներ, որոնց դեմ պայքարը պիտի էականորեն խստացնենք»,- ասաց նա՝ կրկին ընդգծելով, որ հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ներդրումն ու դրա առաջնահերթության ապահովումը պետք է իրականացվեն։

Արփի Հակոբյան

Leave a comment