«Այն երկու ամիսների ընթացքում, երբ Ավետիք Չալաբյանը կալանավորված էր, նրա հետ և նրա մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել, ոչ մի վկայի հարցաքննություն կամ առերեսում չի եղել։ Ակնհայտ է, որ այստեղ գործ ունենք ընդդիմադիրին պատժելու, քաղաքական հայացքների ու գործունեության հիմքով հետապնդելու և խտրականության ենթարկելու՝ արդեն սովորական դարձած գործընթացի հետ»,- այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց լրագրողներին ասաց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով միավորման համակարգող Ավետիք Չալաբյանին վերաբերող քրեական գործի քննությանը։
Հիշեցնենք, որ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով։
Գործը վերաբերում է 2026 թվականի փետրվարի 4-ին Երևանի սրճարաններից մեկում օտարերկրյա պետության ներկայացուցիչների՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջին քարտուղար Ալեքսանդր Մալիշևի և երրորդ քարտուղար Քրիստինա Ալյոնկինայի հետ տեղի ունեցած հանդիպմանը։ Քննչական մարմնի պնդմամբ՝ Չալաբյանը դրդել է օտարերկրյա պաշտոնյաներին օգտագործել իրենց ծառայողական և իշխանական լիազորություններն ու ազդեցությունը՝ տվյալ երկրում գործող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով։ Նպատակն է եղել ստիպել այդ կազմակերպություններում աշխատող ՀՀ քաղաքացիներին մեկնել Հայաստան և քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։
Սողոմոնյանը նկատեց, որ Հայաստանում կալանքը որպես խափանման միջոց կիրառվում է միայն ընդդիմադիր գործիչների նկատմամբ։
«Մի շաբաթ առաջ երեք հոգու կողմից օրը ցերեկով դաժան ծեծի ենթարկվեց Oragir.news-ի խմբագիրը։ Գցել էին, ոտքերով հարվածել, կողի կոտրվածք պատճառել։ Ծեծողները տարվել են բաժին ու ազատ արձակվել, հիմա ազատության մեջ են։ Եթե նախաքննություն է իրականացվում, այդ նախաքննության համար պետք չէ՞ր այդ մարդկանց մեկուսացնել, առանձնացնել, որպեսզի իրար հետ չպայմանավորվեին, չխոսեին։ Ենթադրաբար, այսպիսի բաներ կարող էին տեղի ունենալ, չէ՞, որպեսզի նախաքննությունն էլ օբյեկտիվ լիներ։
Երբ գործ ունենք տեսանելի հանցանքի տարրեր պարունակող գործողության հետ, մարդկանց թողնում են ազատության մեջ, իսկ մոնտաժված, անհասկանալի ծագման աղբյուրի ձայնագրության հիման վրա՝ Չալաբյանի դեպքը։
Կամ այն ողբերգական դեպքը, որը տեղի ունեցավ Արսեն Գևորգյանի հետ։ Անմեղության կանխավարկածը հաշվի չառնելով՝ այդ ի՞նչ աստիճանի վտանգավորության դեպքի հետ գործ ունեին, որ մարդուն տարան կալանքի, այդ ընթացքում նրա և նրա ընտանիքի հասցեին շրջանառեցին ամենավատ զազրախոսությունները, և մարդը հասավ այդ աստիճանի, իսկ անհրաժեշտ բուժօգնություն չցուցաբերվեց։
Հասկանալի է, որ այս ամենն արվում է նրա համար, որ իրենցից կշիռ ներկայացնող որևէ ընդդիմադիր գործիչ չզբաղվի քաղաքականությամբ, իսկ նա, ով ուզում է զբաղվել քաղաքականությամբ, ստանա Փաշինյանի թույլտվությունը։ Սա տանում է դեպի հին արևելյան բռնատիրության ժամանակները հիշեցնող համակարգ»,- ասաց Սողոմոնյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: