Քաղաքականություն
17.11.2026 | 13:26
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ ցանկանում է նպաստել Եվրոպայի հետ Հայաստանի և Ադրբեջանի կապերի ամրապնդմանը՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունն ուժեղացնելու փորձերի ֆոնին։
«Եվրոպայի շահերից է բխում հակազդել դրան և թույլ չտալ, որ Ռուսաստանն ուժեղացնի իր ազդեցությունը տարածաշրջանում»,- Գերմանիայից մեկնելուց առաջ լրագրողներին ասել է պաշտոնյան, հաղորդում է DW-ի թղթակիցը։
Վադեֆուլը հիշեցրել է, որ Եվրոպան Ուկրաինայի օրինակով տեսնում է, թե ինչի կարող է հանգեցնել Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը։ Նախարարի խոսքով՝ անհրաժեշտ է օգտագործել Հայաստանի՝ Եվրոպայի հետ մերձենալու հնարավորությունը՝ ընդլայնելով նրա հետ քաղաքական և բնապահպանական կապերը։ Նա նշել է, որ Հայաստանը երկար ժամանակ տնտեսական և ռազմական կախվածության մեջ է եղել Ռուսաստանից:
Վադեֆուլի այցի մյուս նպատակներից է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը նպաստելը։ Նրա խոսքով՝ սա այն եզակի հակամարտություններից է, որը խաղաղ կարգավորման հնարավորություն ունի։
«Ես ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ, որ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիր կնքվի»,- ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը՝ հավելելով, որ երկու կողմերն էլ համաձայն են ընդունել համաձայնագրի տեքստը, որն արդեն հիմնականում պատրաստ է։
Ըստ Վադեֆուլի՝ տասնամյակներ տևած առճակատումից հետո սա կարող է հնարավորություն ընձեռել խաղաղություն հաստատելու եվրոպական տարածաշրջանում, որը բազմիցս պատերազմներ ու մարդկային զոհեր է տեսել։
Գերմանացի նախարարը մտադիր է առանձին ուշադրություն դարձնել նաև Ադրբեջանի հետ տնտեսական կապերի զարգացմանը։ Նա այդ երկիրն անվանել է Գերմանիայի ու եվրոպական մյուս պետությունների կարևոր գործընկերներից մեկը էներգակիրների մատակարարումների դիվերսիֆիկացման հարցում։
«Ադրբեջանից մենք հուսալիորեն գազ և նավթ ենք ստանում։ Սա վերաբերում է Գերմանիային և եվրոպական մյուս երկրներին։ Անհրաժեշտ է կայունացնել այդ մատակարարումները, իսկ Եվրոպան պետք է ընդլայնի էներգակիրների մատակարարների շրջանակը՝ առանձին երկրներից կախվածությունը նվազեցնելու համար»,- նշել է Վադեֆուլը։
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը նաև հայտնել է, որ ադրբեջանական կողմի հետ մտադիր է քննարկել երկրի ներքաղաքական իրավիճակը, այդ թվում՝ մարդու իրավունքների հարցը։ Վադեֆուլը Հարավային Կովկասի ու եվրոպական երկրների միջև ավելի սերտ տնտեսական համագործակցության հեռանկարների զարգացումը համարել է իր այցի գլխավոր նպատակը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի