Հայաստանի Ազգային ժողովը չի ընդգրկել օրակարգում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հեղինակած նախագիծը, որը վերաբերում էր երկրում ժողովրդավարության հետընթացին։ Նախագծի օրակարգ ընդգրկմանը դեմ է քվեարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Ընդդիմության նախաձեռնությունը նպատակ ուներ խորհրդարանական քննարկման առարկա դարձնել Հայաստանում ժողովրդավարության վիճակի և հնարավոր հետընթացի հարցը, հայտնում է Auroramews.am-ը:
Նոյեմբերի 12-ին նախագիծը քննարկվել էր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում և ստացել բացասական եզրակացություն։
Նոյեմբերի 16-ին «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական լսումներ էր կազմակերպել՝ նվիրված Հայաստանում ժողովրդավարության վիճակին, մարդու իրավունքների պաշտպանությանը և քաղաքական հետապնդումների վերաբերյալ մտահոգություններին։