«Իշխանություն» լրատվականը Սևանից ահազանգ է ստացել նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման վերաբերյալ։
Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել ձայնային հաղորդագրություն, որը Սևանի գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանի՝ «Վստահություն» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի աշխատանքները համակարգող, ավագանու անդամ Արթուր Մելքոնյանը քարոզարշավի մեկնարկից հետո ուղարկել է շտաբի աշխատակիցներին։
Ձայնագրության մեջ Մելքոնյանը մասնավորապես ասում է.
«Հարգելի խմբակիցներ, ձեր շրջապատին, հարազատներին, ընկերներին իրազեկեք։ Բակում, շենքում, համայնքում տեսանելի խնդիր եք արձանագրում, խնդրում ենք շատ արագ տեղեկացրեք այն պաշտոնատար անձանց, որոնց համարները կտրամադրեմ։ Այնպես չէ, որ այդ խնդիրները մենք առօրյայում չենք տեսնում, ուղղակի դրանց շատ արագ արձագանքել է պետք»։
«Իշխանություն» լրատվականը կապ է հաստատել Արթուր Մելքոնյանի հետ։ Վերջինս չի հերքել, որ ձայնային հաղորդագրությունն ուղարկել է նախընտրական քարոզարշավի օրերին։
Ուշագրավ է, որ Մելքոնյանն ինքն է նշում՝ համայնքում առկա խնդիրները տեսնում են նաև առօրյայում, սակայն հենց ընտրություններից առաջ է շեշտում դրանց արագ լուծման անհրաժեշտությունը։
Ըստ ահազանգողների՝ Սարգիս Մուրադյանի թիմակիցները փորձում են վարչական ռեսուրսն օգտագործել բնակիչների խնդիրներն արագ լուծելու, նրանց համակրանքն ու ձայները շահելու և գործող համայնքապետի վերընտրվելու շանսերը մեծացնելու նպատակով։
Հիշեցնենք, որ ՀՀ ընտրական օրենսգիրքն արգելում է վարչական ռեսուրսի օգտագործումը ընտրություններին առավելություն ստանալու նպատակով։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիա Սարգսյան