Ռումինիան Սևծովյան տարածաշրջանի անվտանգության շուրջ բանակցություններ է նախաձեռնում Բաքվի, Անկարայի և Երևանի հետ

Ռումինիան պատրաստվում է Սևծովյան տարածաշրջանում անվտանգության ապահովման ու տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման վերաբերյալ բանակցություններ վարել Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ։ Բրյուսելում կայանալիք ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ լրագրողներին հայտնել է Ռումինիայի նոր արտգործնախարար Դան Նեկուլեսկուն։

Նա պարզաբանել է, որ Խորհրդի նիստի ավարտից հետո նախատեսվում է նախարարների մակարդակով առանձին հանդիպում անցկացնել, որի գլխավոր թեման լինելու է Սևծովյան տարածաշրջանը։ Միջոցառմանը կմասնակցեն Եվրամիության գործընկերները։

«Կարևոր է քննարկել ոչ միայն փոխկապակցվածության, այլև անվտանգության հարցերը։ Սա մեծ նշանակություն ունի, և մեր գործընկերների տեսակետները նույնպես շատ կարևոր են»,- ասել է նախարարը։

Նա ընդգծել է, որ Բուխարեստը հատուկ կարևորություն է տալիս տարածաշրջանային գործընկերների հետ այս հարցերի քննարկմանը։

NEWS.am

Leave a comment