Հետևելով Հորդանանի օրինակին՝ Իրաքը նույնպես արգելափակել է Telegram-ը

Իրաքի իշխանությունները արգելափակել են Telegram հաղորդագրությունների հավելվածը՝ «ազգային անվտանգության պաշտպանության» նպատակով, հայտնում է Իրաքի մեդիայի և հաղորդակցության հանձնաժողովը։

«Արգելափակման նպատակն է ստիպել ընկերությանը վերանայել Իրաքում հավելվածի միջոցով տարածվող բովանդակությունը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ խախտումները կանխելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Մրցակցության և հակամենաշնորհային հարցերով խորհուրդը պարզաբանել է, որ «ընկերությունը չի ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ հարթակում հրապարակվող անօրինական բովանդակության դեմ պայքարելու համար, և չի ենթարկվել իրաքյան օրենսդրությանը»։

Հաղորդագրությունների փոխանակման հարթակին 30 օր է տրվել՝ նշված խախտումները շտկելու համար։

Նոյեմբերի 16-ի առավոտյան Telegram-ի հասանելիությունը սահմանափակվել էր նաև Հորդանանում։ Այդ որոշումը կայացրել էր Հանրային անվտանգության վարչությունը։ Գերատեսչության տվյալներով՝ հավելվածն արգելափակվել է կանխելու դրա օգտագործումը «կիբերհանցագործությունների, սպառնալիքների և շորթումների, ինչպես նաև անօրինական բովանդակության տարածման նպատակով»։ Սահմանափակումների գործողության ժամկետը չի նշվել։

Leave a comment