«Հլը թող մեկն այլ երկրում Հայաստանի արտադրողի նկատմամբ նման վերաբերմունք ցույց տա, քամահրական այս վերաբերմունքը մեզ պատիվ չէ բերի»․ Ավանեսյանը՝ ընդդիմադիրներին

«Գնահատում եմ ձեր կոչը, որ առողջությունն ամեն ինչից վեր է, առողջապահության հասանելիությունը մեր բոլորի խնդիրն է։ Գնահատում ենք ձեր նախաձեռնությունը, մեր եզրակացության մեջ դիտարկում ենք, որ ձեր ուզած արդյունքը մեր բոլորի ուզած արդյունքն է, որ դեղերը լինեն հասանելի ոչ միայն ֆինանսապես, այլև ֆիզիկապես, բայց ձեր ներկայացրած նախագիծը լրիվ այլ բան է»,- ՀՀ ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ դեղերի գրանցման հետ կապված առաջարկի առիթով արձագանքեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Այնուհետև դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներին՝ ասաց՝ տանում եք նեղ քաղաքական դիսկուրս․ «Եթե առողջությունն ամեն ինչից վեր է, եթե մեր բոլորի գործունեությունը պետք է լինի ընդգծելու մեր երկրի առաջ այս ոլորտում խնդիրները, ինձ համար զարմանալի էր, թե ինչու այս տարվա սկզբում մարդկանց մոլորեցնող տեղեկություններ էիք տարածում, թե տեսեք՝ առողջության ապահովագրությունը կվերանա, ինչը բերեց նրան, որ մայիսին ունեինք դիմելիության աճ, մարդիկ բոլորն ասում էին՝ հեսա առողջապահության ապահովագրությունը ընտրություններից հետո վերանալու է»։

Անահիտ Ավանեսյան

Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ «Ուժեղ Հայաստանի» նշած ցանկությունները նրանց ներկայացրած նախագծի միջոցով հնարավոր չէ իրագործել։ Դիմելով ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանին, որը ներկայացրել էր նախագիծը, նշեց․ «Մի պահ ասում եք՝ գրանցման ճանաչում, հետո փոխում՝ ճանաչման գրանցում։ Առաջարկում եք մի կառուցակարգ, որը մեր օրենսդրության տրամաբանության մեջ չի տեղավորվում և գործնականում հնարավոր չէ իրագործել»։

Խոսելով Վրաստանի օրինակի հետ կապված «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացրած զուգահեռների մասին՝ Անահիտ Ավանեսյանն ասաց․ «Վրաստանը ԵԱՏՄ անդամ պետություն չէ․ այս նուրբ հանգամանքը որևէ անգամ չարձանագրեցիք։ Մենք՝ բոլորս հիշում ենք, որ ՀՀ-ն, 2013-ին միանալով ԵԱՏՄ-ին, ընդունել է վերպետական պայմանագրի շրջանակներում, որ ենթարկվում է դեղերի ԵԱՏՄ գրանցման մեխանիզմների։ Մեր իշխանությունն է, որ այս տարիներին նաև ԵԱՏՄ նախարարական խորհրդում է տանում այն քաղաքականությունը, որ մեր ազգային գրանցման մեխանիզմը պետք է շարունակի մնալ, մեր իշխանության շնորհիվ է, որ 2026-ին մեր ազգային գրանցման մեխանիզմները դեռ պահպանում ենք։ Վրաստանում չմտցվեց դեղերի գրանցման ԱԱՀ-ն 2000-ի սկզբներին, ինչը բերեց շուկայի մոնոպոլիզացիայի»։

Պատասխանելով ընդդիմադիր գործընկերների այն հավաստիացումներին, թե դեղերի գրանցման մեխանիզմները կարող են անդրադառնալ դեղերի գնի վրա՝ Անահիտ Ավանեսյանն ասաց․ «Նշում եք, որ գրանցման արժեքները կարող են անդրադառնալ դեղերի գնի վրա, իհարկե, կարող են, հենց դրա համար էլ տարիներ առաջ վերանայեցինք գրանցման գները։ Մեր փորձը ցույց տվեց, որ դա էլ այդքան չի անդրադառնում դեղերի գնի վրա։ Դեղերի գնի վրա անդրադառնում է մեծ գնորդի առկայությունը»։

Անահիտ Ավանեսյանի կարծիքով՝ չենք կարող ասել՝ մենք ուզում ենք ԵՄ դեղերը գրանցվեն, ճանաչվեն ու միանգամից ճանաչվեն․ «Չի լինում այդպես։ Դեղն ունի տարբեր կարգավորման դաշտեր՝ մտավոր սեփականության, արտադրողի կողմից շատ բարձր կարգավորման ռեժիմ ունեցող իրավունքներ։ Պետք է ի վերջո հարգենք դեղերի արտադրողների իրավունքը։ Փոխճանաչումն այն ձևաչափն է, որը հնարավորություն է տալիս ՀՀ-ԵՄ փոխճանաչման ձևակերպումն իրականացնել պայմանավորվածությունների շրջանակներում և հասանելիություն ունենալ նրանց գրանցման շտեմարաններին։ Մինչև արտադրողը թույլ չտա, որ դեղն այլ երկրներում էլ ճանաչվի, միակողմանի չենք կարող այդ ցանկությունն իրագործել։ Եթե անում ենք փոփոխություն, եկեք ճիշտ հոդվածներում անենք։ ՀՀ կառավարության որոշման նախագիծը լուծում է այդ հարցը»։

Այնուհետև նախարարը վրդովված ասաց․ «Ի վերջո ԱԺ-ում ենք, և որևէ երկրի նկատմամբ հանիրավի, կներեք, բայց քամահրական մոտեցումն ընդունելի չէ։ Սա խոսում է նրա մասին, որ տեղյակ չենք՝ դեղերի համակարգի շուկան ինչպես է փոփոխվում։ Աշխարհի դեղերի արտադրության մեծ մասն այսօր տեղափոխվում է նաև ասիական երկրներ, Հնդկաստան, և դա մեծ ձեռքբերում է այդ երկրների համար։ Տարիներով աշխատել են ապացուցել, որ իրենց դեղերն ունենան ICH գրանցման մեխանիզմ։ Կխնդրեմ նման եզրահանգումներ չանել, դա մեզ պատիվ չի բերի, մեզ էլ դուրս չի գա, որ ինչ-որ երկրի ԱԺ-ում նման քամահրանքով խոսեն ՀՀ-ում արտադրված դեղերի մասին։ ՀՀ-ն էլ է ձգտում ընդգրկվել ICH երկրների շարքում, որ հեշտորեն արտահանի իր դեղերն այլ երկրներում։ Հլը թող մեկն այլ երկրում Հայաստանի արտադրողի նկատմամբ նման վերաբերմունք ցույց տա»։

Հարություն Հարությունյան

Հարություն Հարությունյանն առաջարկեց նիստի կարճ ընդմիջում անել։ Այնուհետև վերադառնալով ընդիմիջումից՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից առաջարկեց այս հարցի քննարկումը հետաձգել երկու ամսով՝ լրամշակելու հնարավորություն ունենալու համար։ Հանձնաժողովի նիստում նախագծի քննարկումը երկու ամսով հետաձգվեց, այսօր քվեարկություն չեղավ։

ՀՀ ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment