ՀԱՊ-ում կբացվի Գրիգոր Խանջյանին նվիրված ցուցադրություն – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Նոյեմբերի 21-ից Հայաստանի ազգային պատկերասրահում կգործի «Գրիգոր Խանջյան – 100. Ժամանակների վկան» հոբելյանական ցուցահանդեսը։

Ազգային պատկերասրահից հայտնում են, որ մշակութային գործիչ, գեղանկարիչ, գրաֆիկ, գրքի ձևավորող և մոնումենտալ երկերի հեղինակ Գրիգոր Խանջյանի (1926–2000) ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցադրությունը ներկայացնում է նկարչի ստեղծագործությունը ամենալայն ընդգրկմամբ՝ բացահայտելով նրան որպես իր ժամանակի և հայոց պատմության տարբեր էջերը վկայագրող արվեստագետի:

«Ցուցահանդեսում ընդգրկված են տարբեր տարիների գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ, ճամփորդական էտյուդներ, գրքային նկարազարդումներ և նրա էսքիզներով ստեղծված կիրառական արվեստի նմուշներ։ Առաջին անգամ հանրությանն է ներկայացվում Խանջյանի ազգային-եկեղեցական մոնումենտալ շարքի առաջին աշխատանքը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող «Լուսավորչի տեսիլքը» գոբելենը, ինչպես նաև կրոնական թեմաներով մի շարք մեծադիր էսքիզներ։

Խանջյանի ստեղծագործական ժառանգությունը միավորվում է ժամանակի ընկալման առանցքի շուրջ, որտեղ ներկան երկխոսում է անցյալի, անձնական հայացքը՝ պատմական հիշողության հետ՝ կառուցվող Երևանի առօրյայից հասնելով մինչև ազգային պատմության շրջադարձային իրադարձություններ՝ գրերի գյուտ, Ավարայր և Վերածնունդ։ Նրա երկերում անցյալը մշտապես վերադառնում է ներկա՝ նորովի իմաստավորվելով և դառնալով կենդանի վկայություն»,- նշում են Ազգային պատկերասրահից։

Ցուցահանդեսի համադրողներ՝ Սեդա Խանջյան, Հայկուհի Սահակյան։

Panorama.am

Leave a comment