ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է ավելի քան երկու տասնյակ ամերիկյան ընկերությունների շնորհել «ազգային չեմպիոնի» կարգավիճակ արհեստական բանականության ոլորտում։ Ծրագիրը նպատակ ունի օգնել տեղական մշակողներին մրցակցել չինական ընկերությունների հետ արտասահմանյան շուկաներում։ Այս մասին հայտնել է «The Wall Street Journal»-ը, ցուցակում կընդգրկվի նաև չիպեր արտադրող Nvidia ընկերությունը։
Ըստ WSJ-ի՝ ցուցակում կլինեն նաև այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Amazon-ը, Microsoft-ը, OpenAI-ը և Anthropic-ը։ Պաշտոնական հայտարարությունը սպասվում է արդեն հաջորդ շաբաթ, իսկ նախաձեռնությունը կներկայացնի ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լյուտնիկը։
«Ազգային չեմպիոնի» կարգավիճակ ստանալը թույլ կտա այդ ընկերություններին արագացված կարգով ստանալ միկրոչիպերի արտահանման լիցենզիաներ, պետական աջակցություն ստանալ արտերկրում իրենց արտադրանքը խթանելու համար, նաև հավակնել դաշնային ֆինանսավորման։
Ծրագրի հիմնական նպատակն է ամերիկյան չիպերը, արհեստական բանականության մոդելները և այլ հարակից արտադրանքները միավորել մեկ ընդհանուր փաթեթում՝ օտարերկրյա գնորդների համար հեշտացնելով դրանց ձեռքբերումը որպես համապարփակ լուծում։