Մուրացկանի դեմքով անընդհատ չպիտի կանգնենք. Ավինյանը՝ կառավարությունից ֆինանսավորում ստանալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհություն հայտնեց մայրաքաղաքում միջպետական նշանակության ճանապարհների շինարարությունը համայնքային բյուջեի հաշվին իրականացնելու և պետական աջակցության կրճատման վերաբերյալ։

Անդրադառնալով Արտաշատի խճուղին Նորագավթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցի կառուցմանը՝ Ավինյանն ասաց, որ նման նշանակության ճանապարհների ֆինանսական բեռը չպետք է դրվի միայն Երևանի քաղաքապետարանի վրա։

«Այստեղ էլի կառավարության գործընկերների հետ պետք է շատ ազնիվ լինենք, որովհետև մեր 35 միլիարդից 120 միլիարդ հասցրած սեփական եկամուտով և պետական՝ այն ժամանակվա 40 միլիարդը 10 միլիարդ դարձրած աջակցությամբ մենք տեղ չենք հասնի, որովհետև այս տեսակ ճանապարհները միայն մեր ուսերին չպետք է լինեն: Սա պետական ճանապարհային հանգույց է, միջպետական է, չէ՞, Հյուսիս-Հարավին միացնող հատված»,- ասաց քաղաքապետը։

Ավինյանը նշեց, որ Երևանի սեփական եկամուտները 35 միլիարդ դրամից հասցվել են 120 միլիարդի, մինչդեռ պետական աջակցությունը նախկին 40 միլիարդ դրամից նվազել է մինչև 10 միլիարդ դրամ։ Նրա խոսքով՝ նման պայմաններում քաղաքապետարանը չի կարող միայն սեփական միջոցներով իրականացնել միջպետական նշանակության բոլոր ճանապարհաշինարարական ծրագրերը։

Քաղաքապետն անդրադարձավ նաև 2023 թվականից տեղական տուրքերի բարձրացմանը՝ նշելով, որ հատկապես շինարարության ոլորտում իրականացված փոփոխությունների շնորհիվ համայնքային բյուջե են մուտքագրվում տասնյակ միլիոնավոր դոլարներ։

Ավինյանն ասաց, որ այժմ պետությունը պետք է ավելի մեծ մասնակցություն ունենա մայրաքաղաքում իրականացվող ճանապարհաշինարարական ծրագրերի ֆինանսավորմանը։

«Ժամանակն է եկել պետության աջակցության, և սա շատ կոնկրետ պետական աջակցության ծրագիր է, միջպետական ճանապարհ է Հյուսիս-Հարավը… 2027 թվականին 10 միլիարդ դրամը ո՞րն է, 2.7 միլիարդ դրամ սուբսիդիան Երևան քաղաքին ո՞րն է, երբ որ կա 16 համայնք, որ Երևան քաղաքի բնակչությունից տասն քանի անգամ ավելի պակաս են և ավել գումար են ստանում: Երևանը 17-րդ համայնքն է այդ շարքում»,- ասաց նա։

Քաղաքապետը նշեց, որ պետական սուբսիդավորման ծավալները չեն համապատասխանում Երևանի բնակչության թվին և քաղաքում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի մասշտաբին։

Ավինյանն անդրադարձավ նաև պետական կառույցների հետ համագործակցության խնդիրներին։ Նա դժգոհեց, որ առանց վարչապետի անմիջական հանձնարարության հաճախ հնարավոր չի լինում ապահովել պետական աջակցությունը։

«Վարչապետը մինչև ուղիղ այսպես չի հանձնարարում, ուղիղ կոնկրետ ոչ մի բան տեղի չի ունենում… Բոլոր մնացած ինստիտուցիոնալ ինչ-որ լուծումներ չենք կարողանում ունենալ, որ անընդհատ այս մուրացկանի դեմքով կանգնած չլինենք, ասենք՝ ժողովո՛ւրդ ջան, միջպետական ճանապարհ է, ի՞նչ անենք, սա էլ է մեր ուսերին, Շերամն էլ է մեր ուսերին, շրջանցիկ դա էլ է, չէ՞, մեր ուսերին»,- ասաց Ավինյանը։

Քաղաքապետն ընդգծեց, որ անհրաժեշտ են պետական աջակցության ինստիտուցիոնալ մեխանիզմներ, որպեսզի քաղաքապետարանն ամեն անգամ ստիպված չլինի առանձին ֆինանսավորում խնդրել միջպետական նշանակության ճանապարհների կառուցման համար։

Խոսելով Բաբաջանյան-Աշտարակի խճուղու անավարտ հատվածի կառուցման մասին՝ Ավինյանը նշեց, որ այդ ծրագիրը ևս իրականացվում է Երևանի քաղաքապետարանի միջոցներով։

Նա առաջարկեց ֆինանսավորման հարցը քննարկել նաև Ազգային ժողովի պատգամավորների հետ՝ դժգոհելով, որ համայնքի սեփական եկամուտների աճին զուգահեռ կրճատվում է պետական աջակցությունը։

«Մեր Ազգային ժողովի գործընկերների հետ է պետք խոսել․ սա այլևս այդպես տեղ չենք հասնում։ Մենք մի տեղից գումարը ավելացնում ենք մեզ ճղելով, մյուս տեղից իջեցնում են․ ասենք՝ լավ, թշնամի՞ ենք, կարող է թշնամի ենք, իմանանք էլի, կարող է թշնամի ենք, չե՞նք»,- ասաց քաղաքապետը։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց նաև մայրաքաղաքում իրականացվող ճանապարհաշինարարական ծրագրերի ընթացքին։

Ներկայացվեց, որ Արտաշատի խճուղին Նորագավթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցի շինարարությունը մեկնարկել է սեպտեմբերի 5-ին։ Արդեն կառուցվել է 90 գծամետր հենապատ և իրականացվել 400 խորանարդ մետր բետոնացում։ Մինչև տարեվերջ նախատեսվում է աշխատանքների կատարողականը հասցնել 15 տոկոսի։

Անդրադարձ կատարվեց նաև Իսակով-Արշակունյաց ճանապարհաշինարարական ծրագրին։ Նշվեց, որ շինարարության համար նախատեսված 548 օրից անցել է ժամկետի 14 տոկոսը, մինչդեռ ֆիզիկական կատարողականը կազմում է ընդամենը 2 տոկոս։

Ավինյանն ասաց, որ աշխատանքների նման տեմպերը մտահոգիչ են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment