«Հիմնական փոփոխությունները և լրացումներն ուղղված են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկելուն՝ 2027-ի հունվարի 1-ից։ Մեր քաղաքացիները՝ մոտ 340-350 հազար հոգի, ներառվելու են առողջապահության համընդհանուր ապահովագրության մեջ»,-ՀՀ ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2027-ի հունվարի 1-ից։ Հայտնեց, որ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ապահովագրավճարը կսուբսիդավորի պետությունը․ «Ամսական 10800 դրամ ապահովագրավճարից 4400-ը պետությունն է վճարելու, 4400-ը վճարելու է գործատուն, միայն 2000 դրամը վճարելու է աշխատողը»։
Մյուս փոփոխության համաձայն՝ 2027-ի հունվարի 1-ին առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգում կներառվեն էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայություններ իրականացնողները ու մանրամասնեց․ «Նման զբաղվածություն ունեցող քաղաքացիներ կան, որոնց համար սա հիմնական զբաղվածություն է, որոնք պատրաստ են վճարել այդ 10800 դրամը, քանի որ այլ պարագայում այս գումարի շրջանակում չէին կարող ստանալ այս ծառայությունները և մաս կազմել համընդհանուր ապահովագրության։ Մենք նաև որոշակի շեմ ենք դրել․ երկու տարի պետք է միացած լինի էլեկտրոնային համակարգին, ամսական նվազագույն աշխատավարձի չափով շրջանառություն ունենա»։
Հարցին՝ եթե 200000 դրամից ավելի աշխատավարձ ստացող անձն ուզում է ապահովագրել իր ընտանիքի մեկ անդամի, ո՞ւմ պետք է դիմի, Անահիտ Ավանեսյանն այսպես պատասխանեց․ «Նրանք պետք է դիմեն ապահովագրական հիմնադրամին, և արդեն ամսական վճարների նույն սկզբունքով իրենց ընտանիքի անդամի համար վճարեն, և ապահովագրվողի կարգավիճակը նրանց համար կակտիվանա։ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները կարող են ապահովագրել երկու փոխկապակցված անձի։ Փոխկապակցված անձինք են երեխաները, ծնողները, կինն ու ամուսինը»։
ՀՀ ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: