«Բանակցային նախագծերում դրույթ չկա անցյալում կատարածի պատասխանատվության հարցով։ Առանց դրա չի կարող երկարատև խաղաղություն լինել»․ Թոմաս Բեքերը՝ ՀՀ- Ադրբեջան խաղաղության օրակարգի մասին

«Կառավարությունները միշտ ձգտում են արագ լուծումներ գտնել։ Եվ ինձ հատկապես մտահոգում է այն հանգամանքը, որ Արցախի ներկայացուցիչները չեն մասնակցել այս բանակցություններին, նրանք գրեթե ներգրավված չեն եղել բանակցային գործընթացում և բանակցությունների սեղանի շուրջ իրենց տեղը չեն ունեցել, ինչը լուրջ խնդիր է։ Ինձ հատկապես անհանգստացնում է նաև այն, որ առնվազն այն համաձայնագրերի նախագծերում, որոնք ես տեսել եմ, նախատեսվում է, որ բոլոր հայցերը միջազգային դատարաններում պետք է հետ վերցվեն, և որևէ մեկը պատասխանատվության չենթարկվի։

Սա փաստացի վերացնում է պատասխանատվության հարցը։ Կարծում եմ՝ սա տեղի ունեցածը կոծկելու փորձ է։ Արցախում տեղի ունեցած բոլոր ռազմական հանցագործությունների նկատմամբ նման վերաբերմունքն իրական անարդարություն է Արցախի զոհերի և տուժածների նկատմամբ։ Եվ կարծում եմ՝ չի կարող լինել տևական խաղաղություն, եթե անցյալում տեղի ունեցած հանցագործությունների համար պատասխանատվություն չի սահմանվում»,-Aravot.am-ի փաստմանը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ընթանում են խաղաղության օրակարգի շուրջ բանակցություններ և հարցին՝ քաղաքական բանակցությունները նվազեցնո՞ւմ են հնարավորությունը պաշտպանել արցախահայերի վերադարձի իրավունքը, այսպես պատասխանեց Մարդու իրավունքների համալսարանական ցանցի իրավական և քաղաքականության հարցերով տնօրեն Թոմաս Բեքերը։

Նա Երևանում մասնակցեց «Ճշմարտության և արդարադատության կենտրոն»-ի նախաձեռնությամբ անցկացվող «Ձայներ՝ ընդդեմ մոռացության․ զանգվածային ոճրագործությունների զոհերն անպատժելիության դարաշրջանում» խորագրով երկօրյա համաժողովին։

Մեր դիտարկմանը՝ նկատում եք, որ կա արցախահայերի հետ կատարվածի հարցում աշխարհում տեղեկատվության պակաս, դա ինչի՞ արդյունք է, բայց մյուս կողմից էլ միջազգային դատարանն է արձանագրել, որ նրանք բռնի տեղահանել են, Թոմաս Բեքերն այսպես արձագանքեց․ «Չեմ կարծում, որ շատ բանավեճ կա այն հարցի շուրջ, թե ինչ է արել Ադրբեջանը։ Նրանք իրականացրել են մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ, էթնիկ զտման են ենթարկել Արցախի բնիկ բնակչությանը, ինչի հետևանքով հարյուր հազար մարդ ստիպված է եղել լքել իր հայրենիքը։ Կարծում եմ՝ այս հարցում վիճելու շատ բան չկա։ Սակայն կան մի քանի խնդիրներ։ Դրանցից մեկն այն է, որ, ցավոք, աշխարհի մեծ մասը տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունենում։ Նույնիսկ իմ հայրենի երկրում՝ ԱՄՆ-ում, մարդկանց մեծ մասը երբեք չի լսել Արցախի մասին։ Կարծում եմ՝ նրանք նույնիսկ քարտեզի վրա չեն կարողանա ցույց տալ, թե որտեղ են գտնվում Հայաստանն ու Ադրբեջանը։ Հետևաբար, նրանք պարզապես տեղյակ չեն իրավիճակից։ Եվ կարծում եմ՝ Ադրբեջանն օգտվում է այս անտեղյակությունից՝ տեղեկատվական աղմուկ ստեղծելով և իրականությունը խեղաթյուրելով»։

Այս հարցում, ըստ մեր զրուցակցի, կարևոր են նաև աշխարհաքաղաքական շահերը․ «Չեմ կարծում, որ Հայաստանն ու Արցախն ունեն այնպիսի ռեսուրսներ, որոնք կարող են Եվրոպային առաջարկել այն, ինչ առաջարկում է Ադրբեջանը։ Մասնավորապես՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Ադրբեջանը շատ ավելի կարևոր դերակատար է դարձել Եվրոպայի համար՝ բնական գազի մատակարարման տեսանկյունից։ Կարծում եմ՝ ցավոք, տնտեսական շահերից ելնելով՝ որոշ երկրներ պատրաստ են աչք փակել տեղի ունեցողի վրա։ Եվ գուցե վերջին հանգամանքը, որի մասին ես բազմիցս լսել եմ Արցախի բնակիչներից, հետևյալն է։ Հիշում եմ՝ հենց Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո ես զրուցում էի Արցախի բնակիչների հետ։ Նրանք ինձ ասացին՝ երանի մենք էլ մի փոքր ավելի բաց մաշկ ունենայինք՝ ուկրաինացիների նման, գուցե այդ դեպքում աշխարհը մեզ էլ այդքան մեծ ուշադրություն դարձներ»։

Թոմաս Բեքերի հետ հարցազրույցն ամբողջութամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment