Հասարակություն
14.11.2026 | 19:24
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՌԴ սպորտի նախարար Միխայիլ Դեգտյարևը քննարկել են երկու երկրների մարզական համագործակցության ընդլայնման հնարավորությունները և ստորագրել 2027 թվականի համատեղ միջոցառումների ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
«ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել սպորտի ոլորտում ձևավորված համագործակցության շարունակական զարգացումը, մարզական ֆեդերացիաների միջև կապերի ընդլայնումը, ինչպես նաև երիտասարդ մարզիկների աջակցությանը և սպորտի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մարզիչների և մարզական մասնագետների մասնագիտական կարողությունների զարգացման հնարավորություններին։ Այս համատեքստում քննարկվել են փոխադարձ վերապատրաստումների, մասնագիտական փորձի փոխանակման ծրագրերի, համատեղ գիտագործնական համաժողովների և սեմինարների կազմակերպման, ինչպես նաև մարզիկների պատրաստման և վերականգնման ժամանակակից մեթոդաբանությունների փոխանակման հարցերը։ Կարևորվել է նաև սպորտային բժշկության ոլորտում համագործակցության զարգացումը։
Անդրադարձ է եղել նաև մասսայական սպորտի զարգացմանը, բնակչության ֆիզիկական ակտիվության խթանմանը։ Քննարկվել են դպրոցական և ուսանողական սպորտի զարգացման, երեխաների ու երիտասարդների՝ ֆիզիկական կուլտուրայով կանոնավոր զբաղվելու խրախուսման, զանգվածային մարզական միջոցառումների կազմակերպման և մարզական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ փորձի փոխանակման հնարավորությունները։
Առանձին քննարկման առարկա են դարձել ադապտիվ սպորտին առնչվող հարցերը՝ կարևորելով հաշմանդամություն ունեցող մարզիկների պատրաստման մեթոդաբանությունը և մասնագիտական փորձի փոխանակումը։
Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության զարգացման 2027 թվականի միջոցառումների ծրագիրը», որն արտացոլված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի արձանագրությունում»,- ասվում է հաղորդագրությունում։