ԱՄՆ-ն առաջին անգամ հարց է բարձրացրել Դոնբասի զիջման դիմաց ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ․ Զելենսկի

ԱՄՆ-ն առաջին անգամ հարց է բարձրացրել Դոնբասի զիջման դիմաց ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ․ Զելենսկի

ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինայի առջև բարձրացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց Դոնբասից ուկրաինական զորքերը դուրս բերելու հնարավորության հարցը։ Կիևը գործընկերների հետ քննարկում է անվտանգության երաշխիքների և երկրի վերականգնման համապարփակ փաթեթ, սակայն հստակ առաջարկ առայժմ չկա։ Այս մասին ուրբաթ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։

«Ես բազմիցս եմ ասել՝ Ուկրաինան չի նահանջելու և իր հողերը չի հանձնելու ահաբեկիչներին։ Ամերիկացիները հարց են բարձրացրել. «Իսկ եթե Ուկրաինան լինի ՆԱՏՕ-ում, արդյո՞ք դուրս կգա Դոնբասից»։ Սա առաջին անգամն էր»,- պատմել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Կիևը գործընկերների հետ քննարկում է միասնական փաթեթ, որը կարող է ներառել անվտանգության կոնկրետ երաշխիքներ ՆԱՏՕ-ի և Եվրամիության կողմից, աջակցություն ուժեղ ուկրաինական բանակին, ինչպես նաև որոշակի քանակությամբ զորք ու սպառազինություն և ֆինանսական օգնություն՝ սահմանված ժամկետով։ Բացի այդ, փաթեթում պետք է նախատեսվի Ուկրաինայի վերականգնման ծրագիր (Prosperity Plan)՝ հստակ նախանշված աղբյուրներից ֆինանսավորմամբ։

Զելենսկին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի մյուս գործընկերները համաձայնեցնեն նման առաջարկը, ինքն այն կդնի ուկրաինական հասարակության քննարկմանը։ Ընդ որում, նա շեշտել է, որ չի կարող միանձնյա նման որոշումներ կայացնել։

«Եթե նման առաջարկ լինի, ես՝ որպես նախագահ, բաց երկխոսություն կսկսեմ հասարակության հետ և կասեմ. «Տեսեք, ահա թե որտեղ ենք մենք գտնվում, ահա թե ինչպես են համախմբվել բոլոր գործընկերները, և ահա թե ինչպես են նրանք տեսնում իրադարձությունների հետագա զարգացումը»։ Անշուշտ, առանց բռնազավթված տարածքները ռուսական ճանաչելու որևէ փորձի»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին ՆԱՏՕ-ին անդամակցությունը համարում է անվտանգության կարևորագույն երաշխիք՝ դաշինքի երկրների հավաքական պատասխանատվության սկզբունքի շնորհիվ։ Ավելի վաղ Ուկրաինան խնդրել էր իրեն տրամադրել Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի օրինակով երաշխիքներ։ Իսկ այժմ, նախագահի խոսքով, ամերիկյան կողմը խոսում է երաշխիքների մասին, որոնք կհիշեցնեն 4-րդ և 5-րդ հոդվածների դրույթները։

«Եվ իմ հարցն ամերիկյան կողմին հետևյալն էր. «Եթե դուք մեզ տրամադրեք ՆԱՏՕ-ին նմանվող այդ «ինչ-որ բանը», արդյո՞ք ամերիկացի զինվորները կլինեն մեր հողում»։ Նրանց պատասխանն էր՝ «ոչ»»,- նշել է Զելենսկին։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն քննարկվող երաշխիքները երկկողմանի է համարում և որպես օրինակ բերում Իսրայելի ու մերձավորարևելյան որոշ երկրների հետ կնքված անվտանգության համաձայնագրերը։

Զելենսկին պարզաբանել է, որ արաբական մի շարք պետություններում տեղակայված են ամերիկյան զինվորականներ, ավիացիա, նավատորմ և ռազմակայաններ։ Իրանական հարձակումների ժամանակ այդ օբյեկտները պաշտպանվում էին հակաօդային պաշտպանության միջոցներով, այդ թվում՝ Patriot համալիրներով։ Ուկրաինայի նախագահի համոզմամբ՝ նման մոդելը կարող է ծառայել որպես անվտանգության որոշակի երաշխիքների գործունակության վառ օրինակ։

Միևնույն ժամանակ Զելենսկին ընդգծել է Ուկրաինայի համար ապագա երաշխիքների բովանդակության և դրանց գործնական կիրառման մեխանիզմների հստակեցման կարևորությունը։

Leave a comment