«Երկու ամիս առաջ դատարանը հաստատեց՝ ադրբեջանցի զինվորները, Թալիշում կտրելով հայ զինվորի գլուխը, պատերազմական հանցագործություն են գործվել․ պետությունների հարաբերությունների նորմալացումը փաստացիորեն տուժածների հաշվին է տեղի ունենում»․ Սիրանուշ Սահակյան

«Արցախի դեպքում տեսնում ենք մի իրավիճակ, որտեղ մարդասիրական խաղաղության դիտանկյունից անցում է կատարվում դեպի ոչ մարդասիրական գործընթաց։ Պետությունների միջև հարաբերությունների նորմալացումը փաստացիորեն տուժածների հաշվին է տեղի ունենում»,-Երևանում «Ճշմարտության և արդարադատության կենտրոն»-ի նախաձեռնությամբ անցկացվող «Ձայներ՝ ընդդեմ մոռացության․ զանգվածային ոճրագործությունների զոհերն անպատժելիության դարաշրջանում» խորագրով համաժողովի «Միջազգային արդարադատությունը մարտահրավերների պայմաններում» քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը:

Հղում կատարելով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրին՝ Սիրանուշ Սահակյանը փաստեց՝ խաղաղությունն ու արդարությունը փոխկապակցված են․ «Տեսնում ենք, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագիրը որևէ դրույթ չի պարունակում հակամարտության հետևանքների մասին։ Որևէ կետ չկա բռնի տեղահանվածների մասին, փորձ չի արվում հասկանալ ռազմագերիների հարցը, այն դեպքերը, երբ մարդկանց ստիպել են լքել իրենց տարածքները, չկա հղում բռնի անհետացումներին։ Այս քաղաքական գործընթացների ներքո հաշվետվողականության կոնցեպտը փաստացիորեն մարգինալացվում ու դառնում է ինչ-որ գործարքի առարկա»։

Փաստմանը՝ հայտարարություններ են հնչել, որ եթե խաղաղության համաձայնագիր ստորագրվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, երկու երկրները միջազգային դատարաններում իրար դեմ ներկայացված հայցերը հետ կկանչեն և հարցին՝ այս առումով կա՞ որևէ ճնշում փաստաբանների խմբերի վրա զոհերին միջազգային դատարաններում ներկայացնելու առումով, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․ «Այո, պետությունները խաղաղության գործընթացում հրաժարվում են դատական վարույթներից, իրենց հարաբերությունները նորմալացնում են տուժածների հաշվին։ Մեզ համար այստեղ կա հնարավորություն, որ անհատական հայցեր ներկայացնեն անհատական դիմումների մակարդակով։ ՄԻԵԴ-ն ընձեռում է այդ հնարավորությունը։ Երբ խոսքը վերաբերում է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին»  ՄԱԿ-ի կոնվենցիային, այդ կոնվենցիայի կիրառության և մեկնաբանության արդյունքում ծագող հարցերին, այստեղ կան միջպետական հետաքրքրություններ ՄԻԵԴ-ում, և երբ պետությունները բանակցում են, մենք կորցնում ենք կարևոր բան։ Հարցը վերաբերում է խտրականությանը, ցեղասպանությանը, և դա կարող է պատշաճ պատկերացում ապահովել կոնֆլիկտի պատճառների մասին։ Զուգահեռ մենք նաև հետամուտ ենք անհատական հայցերին։ Մենք դատական վարույթներ ենք հարուցում տուժածների անունից»։

Սիրանուշ Սահակյանը մի քանի գործերի օրինակներ բերեց, երբ միջազգային դատարանը հաստատել է Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործության փաստը․ «Երկու ամիս առաջ ապացուցվեց, որ քառօրյա պատերազմի ընթացքում պատերազմական հանցագործություն է գործվել հայ զինվորի նկատմամբ՝ ադրբեջանական զորքերի ֆիզիկական վերահսկողության ներքո։ Ադրբեջանցի զինվորները, որոնք ներխուժել են Թալիշ, վարորդի աչքի առաջ գլխատեցին հայ զինվորին, կտրեցին նրա ձեռքերը, քանի դեռ նա ողջ էր։ Այդ գլուխը՝ որպես պատերազմի ավար տեղափոխեցին ու ցուցադրեցին իրենց փողոցներում։ Հանցագործներն անգամ փորձ չկատարեցին իրենց ինքնությունը թաքցնել, սելֆի էին արել այդ գլխի հետ, քանի որ հային սպանելն ընկալվում է՝ որպես փառաբանման ակտ, որը Ադրբեջանի հասարակությունում պարգևի արժանի է։ Այս սելֆիները լայնորեն տարածվեցին սոցցանցերում։ Մեկ այլ գործով ադրբեջանցի հանցագործը, որը մաշկազատել էր հայ մարդու, կարողացել էր մուտք գործել Գերմանիա ու դուրս գալ առանց որևէ պատասխանատվության ենթարկվելու։ Տասը տարի առաջ կարողացանք ստանալ վճիռ ի նպաստ այս գործով զոհի։ Կար արձանագրում, որ եղել է խոշտանգում, կյանքի իրավունքի խախտում, եղել է խոշտանգում ընտանիքի անդամներին ուղղված, որոնք հանդես էին գալիս զոհի անունից։ Մարմինն անգամ վերադարձվել էր ընտանիքին առանց գլխի»։

Սիրանուշ Սահակյանն ասաց, որ իրենց կազմակերպությունն ունի 300 գործ, որոնք բացահայտում են Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները, նաև գույքի նկատմամբ իրավունքի գործեր են։

Միջպետական վարույթների հետկանչման հարցի առիթով Սիրանուշ Սահակյանն ասաց՝ կցանկանար տեսնել, թե դատարաններն ինչպես կարձագանքեն դրան․ «Ընթացակարգային կամ դատավարական իրավունք է հայցը հետ կանչելու մտադրություն հայտնելը, թե ինչքանով կբավարարվի, դա դատարանի իրավազորության շրջանակում է։ Այստեղ խոսքը միայն տուժած անձը չէ, այլ ազդեցությունը շատ ավելին է, քան տուժած անձի իրավունքն է։ Շահառուներն ուրախ չեն պետությունների՝ այդ գործերը հետ կանչելով։ Մենք նամակ գրեցինք դատարաններին տուժածների անուններից, որ իրենք հետաքրքրված են արդարադատության իրականացմամբ։ Սպասում ենք, տեսնենք՝ արդյոք դատարանները կմերժե՞ն հետ կանչումը՝ կիրառելով արդարադատության շահ հասկացությունը միջպետական գործերի նկատմամբ։ Հուսով ենք, որ դատարանը թույլ չի տա, որ քաղաքական գործարքներ կայացվեն մարդկանց արդարության հաշվին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment