Մենք շարունակելու ենք մեզնից կախված ամեն ինչ անել, որպեսզի այդ մարդիկ բանտից ազատ արձակվեն․ Փաշինյանը՝ գերիների մասին

Բաքվում պահվող հայ գերիների և Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ազատ արձակման հարցը մշտապես գտնվում է Հայաստանի իշխանությունների օրակարգում,  Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում (IIEA) կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա  խոսքով՝ Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցի լուծման համար անհրաժեշտ է ամրապնդել տարածաշրջանում հաստատված խաղաղությունը և հաղթահարել թշնամական մթնոլորտը։

«Բանտարկյալների խնդիրը մեր իրողության մեջ կարևոր խնդիրներից է: Բայց այդ խնդիրը լուծելու համար մեզ անհրաժեշտ է ամրապնդել խաղաղությունը: Այլապես այն չի լուծվի: Բանտարկյալների առկայության հանգամանքը թշնամական մթնոլորտի արտացոլումն է: Եթե խորանա թշնամանքը, դա կնշանակի, որ այս հարցը հաստատ 100 տոկոսով  չի լուծվի։ Հայաստանի իշխանությունները դիվանագիտական շփումների ընթացքում շարունակաբար բարձրացնում են Բաքվում պահվող հայերի հարցը և չեն հրաժարվելու նրանց ազատ արձակմանն ուղղված ջանքերից։

Իմիջիայլոց, այն մեր օրակարգում է, միշտ եղել է և այսօր էլ է մեր օրակարգում, և դիվանագիտական շփումներում մենք մշտապես այդ հարցը բարձրացնում ենք։ Մենք երբեք չենք մոռանում այդ խնդիրը, և մենք շարունակելու ենք  մեզնից կախված ամեն ինչ անել, որպեսզի այդ մարդիկ բանտից ազատ արձակվեն»,- հայտարարել է վարչապետը։

Leave a comment