Վարդապետյանը մեկնել է Արգենտինա՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի կոմիտեի նիստին
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի սեպտեմբերի 9-ին ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի անդամ։ Գործադիր կոմիտեն Ասոցիացիայի ղեկավար մարմինն է և գործում է Ասոցիացիայի բարձրագույն մարմնի՝ Գլխավոր ժողովի լիազորությունների ներքո։
Դատախազների միջազգային ասոցիացիան միջազգային մասնագիտական կազմակերպություն է, որը միավորում է տարբեր երկրների դատախազներին և նպաստում դատախազական գործունեության ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանը, մասնագիտական փորձի փոխանակմանը և իրավունքի գերակայության ամրապնդմանը։
Աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 14-ին և 15-ին նախատեսված են Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի նիստերը, որոնց ընթացքում կքննարկվեն Ասոցիացիայի գործունեությանը, իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին, ինչպես նաև միջազգային դատախազական համագործակցությանն առնչվող հարցեր։
Նոյեմբերի 16-ին կկայանա Դատախազների միջազգային ասոցիացիայի 31-րդ տարեկան համաժողովը։
Հիշեցնենք, որ 2026 թվականի ապրիլի 15-ին Շանհայում տեղի ունեցած՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 61-րդ նիստի ընթացքում Գործադիր կոմիտեի անդամները միաձայնհավանություն են տվել 2028 թվականին Հայաստանի Հանրապետությունում Ասոցիացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստն անցկացնելու առաջարկին։