Թուրքիայի Կարս նահանգի պաշտոնյաներն այցելել են հայ – թուրքական սահման՝ տեղում ծանոթանալու երկաթուղու շինաշխատանքներին: Կարսի Աքյաքա շրջանի նահանգապետ Իսմայիլ Դեմիրթաշը և Կարսի նահանգային գլխավոր խորհրդի նախագահ Ֆուաթ Արսլանը շինարարական ընկերության ներկայացուցչից տեղեկություններ են ստացել երկաթգծի շինարարության և նախագծի ընթացքի մասին, հայտնում է «Ազատությունը» թուրքական Iha.com կայքի վրա հղումով:
«Դեմիրթաշը տեղում ուսումնասիրել է ընթացող աշխատանքները և քննարկումներ ունեցել պատասխանատուների հետ», – հայտնում է թուրքական լրատվամիջոցը, ըստ որի՝ Կարս – Գյումրի երկաթգծի վերաբացմանը մեծ ուշադրությամբ հետևում են տեղի բնակիչները:
Ակնկալվում է, որ երկաթգծի գործարկումը զգալի դրական ազդեցություն կունենա Աքյաքայի առևտրի, տնտեսության և տրանսպորտի զարգացման վրա:
Ավելի վաղ Թուրքիայի տրանսպորտի նախարարն ասել էր, որ հայ – թուրքական սահմանի բացումը շատ երկար չի ձգվի, երբ Հայաստանն ու Ադրբեջանը լիարժեք համաձայնության գան: Աբդուլքադիր Ուրալօղլուն շեշտել էր, որ թուրքական կողմը կատարել է անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ ինչպես Կարս – Գյումրի երկաթուղու, այնպես էլ Ալիջանի ցամաքային սահմանի բացման ուղղությամբ:
Երևանն իր հերթին միջազգային մրցույթ էր հայտարարել Գյումրի – Կարս երկաթուղու հիմանորգման համար: Երկու կազմակերպություն էր մասնակցել՝ ուզբեկական և ղազախական: Ուզբեկական ընկերությունն առաջարկել էր 1․9 մլն դոլար, ղազախականը՝ մոտ 3․5 մլն դոլար, բայց կազմակերպություններից ոչ մեկը հաղթող չէր ճանաչվել, քանի որ հայտերը չէին համապատասխանել սահմանաված չափորոշիչներին: Տարածքային կառավարման նախարարությունը հայտնել էր, որ նոր մրցույթ կհայտարարի:
Երևանն ու Անկարան 44-օրյա պատերազմից հետո հարաբերությունների կարգավորման նոր փուլ են սկսել, պայմանավորվել են սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների առաջ, սակայն Թուրքիան դեռ չի բացում ավելի քան 3 տասնամյակ փակ սահմանը՝ դա մշտապես պայմանավորելով հայ- ադրբեջանական կարգավորմամբ: Երևանն ու Բաքուն անցած տարի նախաստորագրել, բայց դեռ չեն ստորագրել խաղաղության պայմանագիրը: