Ռուսաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրերը՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 9-16-ը Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրերը՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին։

«Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը կարևոր հարթակ է հայկական մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի ներկայացման, ինչպես նաև հայ-ռուսական մշակութային համագործակցության ամրապնդման համար։

Մշակութային միջոցառումների ծրագիրը մեկնարկել է նոյեմբերի 9-ին Սանկտ Պետերբուրգի «Բալթյան տուն» թատրոնում՝ Երևանի մնջախաղի պետական թատրոնի «Օֆլայն» ներկայացմամբ, ինչպես նաև «Բարեկամություն» պարի պետական համույթի համերգով, որը կայացել է Մոսկվայի Փոքր թատրոնի «Բոլշայա Օրդինկա» բեմում։ Սանկտ Պետերբուրգում բացման միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

Նոյեմբերի 11-ին Մոսկվայի թատերական արվեստի ստուդիայի հիմնական բեմում Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է եկել «Օֆլայն» ներկայացմամբ:

Նոյեմբերի 12-ին Մոսկվայի թատերական արվեստի ստուդիայի հիմնական բեմում Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը հանդես կգա «Առյուծը ձմռանը» ներկայացմամբ։

Նոյեմբերի 14-ին «Զարյադյե» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի էստրադային-ջազային նվագախմբի համերգը։

Մշակույթի օրերը կամփոփվեն նոյեմբերի 16-ին Մոսկվայի պետական կոնսերվատորիայի փոքր դահլիճում կայանալիք դաշնակահար Անահիտ Դիլբարյանի համերգով։

Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերն անցկացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության համատեղ նախաձեռնությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Leave a comment