28 տարի անց Apple-ը փակում է հաճախորդների աջակցման իր արժեքավոր գործիքը

Անկեղծ ասած՝ չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ այցելել Apple-ի Աջակցության համայնք (Apple Support Community)։ Բայց ամեն անգամ, երբ դա արել եմ, պատճառն այն է եղել, որ ունեցել եմ մի խնդիր, որն ինքնուրույն չէի կարողանում լուծել, և պատասխանն էլ ուրիշ ոչ մի տեղ չէի գտնում։

Շուրջ 28 տարի այն եղել է մի հարթակ, որտեղ օգտատերերը կարող էին գրառում կատարել, երբ չէին կարողանում գլուխ հանել իրենց Mac-ի, iPod-ի կամ iPhone-ի որևէ խնդրից։ Ըստ էության, դա առցանց ֆորում էր, որտեղ կարող էիր հարցեր տալ, իսկ Apple-ի մյուս օգտատերերը կիսվում էին իրենց փորձով ու գիտելիքներով։

Սակայն հիմա այն փակվում է։ Ըստ The Verge-ի՝ այլևս հնարավոր չէ նոր հարցեր հրապարակել կամ պատասխանել առկա քննարկումներին։ Մեկ շաբաթից մի փոքր անց՝ նոյեմբերի 20-ին, Apple-ը վերջնականապես կանջատի այն։ Ընկերությունը դեռ չի հայտնել, թե ինչ է լինելու արդեն գոյություն ունեցող գրառումների հետ և արդյոք դրանք որևէ ձևով հասանելի կմնան։

Անկեղծ ասած՝ սա տխուր է, քանի որ կարծում եմ՝ Apple-ի Աջակցության համայնքը հաճախորդների աջակցման ամենաարժեքավոր գործիքներից մեկն է, որն ընկերությունը երբևէ առաջարկել է։ Հասկանում եմ, որ Apple-ը, հավանաբար, կպնդի, թե աջակցություն ստանալու ավելի արդյունավետ եղանակներ կան։ Նույն տրամաբանությամբ ենթադրում եմ, որ սարքի հետ կապված խնդիր ունեցող մարդկանց մեծ մասը պարզապես հանդիպում է նշանակում Genius Bar-ում կամ դիմում է Apple-ի աջակցման այլ ուղիներին։ Եվ շատերի համար դա, իհարկե, շատ ավելի հարմար տարբերակ է։

Բայց կա մի առանձնահատուկ բան այնպիսի հարթակում, որտեղ մարդիկ կիսվում են իրենց խնդիրներով ու փորձով։ Հատկապես երբ այն, ինչի համար օգնություն ես փնտրում, պարզապես հնարավոր չէ գտնել Apple-ի պաշտոնական ուղեցույցներում։

Չեմ էլ կարող հաշվել, թե քանի անգամ եմ բախվել որևէ տարօրինակ ծրագրային սխալի (բագի) կամ խնդրի, և միակ տեղը, որտեղ պատասխան եմ գտել, հենց այդ համայնքն է եղել։ Ամեն անգամ պարզվում էր, որ մեկ ուրիշն արդեն առնչվել է նույն խնդրին, գրել է ֆորումում, իսկ մի շարք մարդիկ պատասխանել են՝ պատմելով, թե ինչ են փորձել անել։ Երբեմն նրանք գտնում էին լուծումը, երբեմն էլ պարզապես կիսվում էին, թե ինչը չի աշխատել։ Երկու դեպքում էլ դա անչափ օգտակար հարթակ էր տեղեկատվություն ստանալու համար։

Կա ևս մեկ հանգամանք, որը, իմ կարծիքով, այս ֆորումներն արժեքավոր է դարձնում. դրանք օգնում էին հասկանալ, որ տվյալ խնդրին բախված միակ մարդը դու չես։ Եթե թարմացումից հետո քո iPhone-ը սկսում է գերտաքանալ, երբեմն պարզապես հանգստացնող է իմանալ, որ մի խումբ այլ մարդիկ նույնպես ունեն այդ խնդիրը։ Առնվազն դա հուշում է, որ անսարքությունը միայն քո սարքի մեջ չէ։ Բացի այդ, այն ստեղծում էր խնդրի հանրային արձանագրում, որը Apple-ը հակառակ դեպքում գուցե երբեք չընդուներ։

Ակնհայտ է, որ ֆորումները կատարյալ չեն։ Մարդիկ երբեմն վատ խորհուրդներ են տալիս։ Այլ դեպքերում «ընդունված» պատասխանն իրականում օգտակար չի լինում։ Եվ ոչ մի երաշխիք չկա, որ տասը տարի առաջ հրապարակված լուծումն այսօր էլ արդիական է։

Այնուամենայնիվ, ես կպնդեմ, որ այդ ամենը լիովին արդարացված փոխզիջում է՝ Apple-ի արտադրանքի վերաբերյալ 28 տարվա հավաքական գիտելիքներին հասանելիություն ունենալու դիմաց։ Եվ Apple-ը ստիպված չէր որևէ բան անել այդ գիտելիքների մեծ մասը ստեղծելու համար. դա արել են իր հաճախորդները։ Այո՛, Apple-ը տրամադրել է հարթակը, բայց հազարավոր մարդիկ իրենց ժամանակն են տրամադրել՝ հարցերին պատասխանելու համար։

Սա մի բան է, որը կցանկանար ունենալ ընկերությունների մեծ մասը։ Apple-ն ուներ դա գրեթե երեք տասնամյակ, իսկ հիմա հրաժարվում է դրանից։

Գուցե Apple-ը կարծում է, որ աջակցման իր մյուս գործիքներն ավելի լավ ներդրում են։ Գուցե մտածում է, որ հաճախորդները կնախընտրեն օգնություն ստանալ անմիջապես Apple-ից։ Նույնիսկ կարող են լինել հիմնավոր պատճառներ՝ նոր գրառումների ընդունումը դադարեցնելու համար։

Բայց ես հույս ունեմ, որ Apple-ը գոնե կպահպանի արխիվը։ Ես կարող եմ հասկանալ, եթե ընկերությունն այլևս չի ցանկանում սպասարկել հին ֆորումը, բայց դա չի նշանակում, որ պետք է դեն նետել տասնամյակների օգտակար տեղեկատվությունը։ Եվ երբ այդ տեղեկատվությունը ստեղծվել է հենց հաճախորդների կողմից՝ այլ հաճախորդներին օգնելու համար, դրա փակումն առավել տարօրինակ քայլ է թվում։

Leave a comment