Անդրադառնալով բռնի տեղահանված անձանց խնդիրների հանրային քննարկումներին՝ Պաշտպանը շեշտել է զգայունության պահպանման և ատելության խոսքի բացառման կարևորությունը

Փետրվարի 14-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հիմնական ելույթով է հանդես եկել Դիլիջանում կազմակերպված՝ «Մարդու հիմնարար իրավունքներ և պարտականություններ» թեմայով ինտերակտիվ հանդիպմանը, որն անցկացվել է «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում։

Հանդիպումը կազմակերպել է «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունը՝ ճամբարային ձևաչափով։ Մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 20 կանայք և աղջիկներ։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների բովանդակությունը, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործառույթները, ինչպես նաև այն մեխանիզմները, որոնց միջոցով հնարավոր է պաշտպանել խախտված իրավունքները։

Հանդիպումն ունեցել է ինտերակտիվ բնույթ․ մասնակիցները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց մտահոգությունները, ներկայացնելու կոնկրետ խնդիրներ և ստանալու պարզաբանումներ իրենց իրավունքների իրացման և պաշտպանության վերաբերյալ։

Անդրադառնալով բռնի տեղահանված անձանց խնդիրների հանրային քննարկումներին՝ Պաշտպանը շեշտել է զգայունության պահպանման և ատելության խոսքի բացառման կարևորությունը։ Նա կարևորել է նաև հանրային համերաշխության ամրապնդումը՝ ընդգծելով կրթական համակարգի առանցքային դերը։ Անահիտ Մանասյանի խոսքով՝ անհրաժեշտ են կրթական բարեփոխումներ, քանի որ կրթական միջավայրը պետք է ձևավորի այն բարոյական և էթիկական չափանիշները, որոնց վրա կառուցվում է հանրային վարքագիծը․ այդ չափանիշներն ուղղակիորեն ազդում են նաև մարդու իրավունքների նկատմամբ վերաբերմունքի վրա։

«Շատ կարևոր է, որպեսզի բռնի տեղահանված անձինք ներգրավված լինեն իրենց վերաբերելի որոշումների կայացման գործընթացներին»,– ընդգծել է Պաշտպանը՝ տեղեկացնելով, որ նախատեսվում է ձևավորել ՄԻՊ-ին առընթեր հասարակական խորհուրդ, որի շրջանակում հնարավոր կլինի համակարգված կերպով քննարկել ոլորտում առկա խնդիրները և ձևավորել կառուցողական երկխոսության մշակույթ։

Հանդիպման ավարտին մասնակիցները շնորհակալություն են հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին կառուցողական քննարկման համար։

Անահիտ Մանասյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել մասնակիցներին՝ կարևոր հարցադրումներ բարձրաձայնելու համար։ Պաշտպանը կարևորել է նման ձևաչափով անմիջական շփումները՝ ընդգծելով, որ բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը պահանջում է ոչ միայն համակարգային լուծումներ, այլև անհատական մոտեցում և շարունակական ու զգայուն հաղորդակցություն։

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը շարունակելու է աջակցել տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն ու իրազեկվածության բարձրացմանը՝ համագործակցելով նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment