ԵԱՏՄ-ն հաստատել է միությունից արտահանվող ապրանքների ծագման որոշման հատուկ կանոնները

2026 թվականի նոյեմբերի 3-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատել է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող այն ապրանքների ծագման որոշման հատուկ կանոնները, որոնց նկատմամբ ԵԱՏՄ անդամ երկրները կիրառում են կարգավորման առանձին միջոցներ։

Հատուկ կանոնները մշակվել են 2023 թվականի դեկտեմբերի 4-ին ստորագրված՝ ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգի մասին համաձայնագրին համապատասխան։

Փաստաթղթի նպատակն է ԵԱՏՄ անդամ պետությունների համար ապրանքների ծագման որոշման միասնական համակարգի և դրանց ծագման վերահսկողության միասնական ընթացակարգի ձևավորումը։

Հատուկ կանոններն ուժի մեջ կմտնեն համապատասխան համաձայնագրի հետ միաժամանակ՝ անհրաժեշտ վավերացման ընթացակարգերի ավարտից հետո։

Փաստաթղթերի ուժի մեջ մտնելուց հետո ԵԱՏՄ երկրների մաքսային մարմինները կվերահսկեն այն արտահանվող ապրանքների ծագումը, որոնց նկատմամբ Միության անդամ երկրներից որևէ մեկը սահմանել է կարգավորման առանձին միջոցներ։

Նշվում է, որ նոր կարգավորումները կնպաստեն մաքսային վերահսկողության արդյունավետության բարձրացմանը, ապրանքների ծագման որոշման միասնական չափանիշների և վարչական համագործակցության պայմանների սահմանմանը, ինչպես նաև բիզնեսի պաշտպանությանը անբարեխիղճ մրցակցությունից։

Leave a comment