ՀԱՊԿ-ում վաղը կքննարկեն Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պետությունների ղեկավարներին կներկայացվի մի նախագիծ, որով Հայաստանը կզրկվի կազմակերպության մարմիններում քվեարկության իրավունքից՝ չվճարված վճարների պատճառով, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

 

«Կառուցողական քննարկումներից բացի, մենք ստիպված էինք քննարկել նաև Հայաստանի կողմից ՀԱՊԿ կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունների չկատարման հարցը՝ մեր համատեղ կազմակերպության բյուջե տարեկան մուծումների վերաբերյալ», – ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստից հետո ասել է նա։

 

Լավրովը նշել է, որ այս հարցում երկիմաստության տեղ չի կարող լինել։

 

«Երևանը երկու տարուց ավելի է՝ չի վճարել իր անդամակցության վճարները։ Հետևաբար, բարձրացվել է ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի դրույթները Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառելու հարցը։ Որոշման նախագիծը նախատեսում է կազմակերպության մարմիններում քվոտային պաշտոններ առաջադրելու ՀՀ քաղաքացիների իրավունքի կասեցում և քվեարկության իրավունքից զրկում մինչև պարտքերի լրիվ մարումը։ Այս որոշման նախագիծը նույնպես կքննարկվի վաղը Հավաքական անվտանգության խորհրդի նիստում», – եզրափակել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։

Leave a comment