Վենեսուելացի 46-ամյա միլիարդատեր Ալեխանդրո Բետանկուրը դարձել է ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև նավթային գործարքի առանցքային մասնակիցներից մեկը։ Նրա ընկերությունը հասանելիություն է ստացել երկրի խոշորագույն նավթահանքերին, իսկ ԱՄՆ կառավարությունը՝ բիզնեսում բաժնեմաս և զգալի զեղչով նավթ գնելու իրավունք։
Ինչպես գրում է The Washington Post-ը, լրագրողներն ուսումնասիրել են 18-էջանոց գաղտնի պայմանագիրը, որը կնքվել է 50 տարի ժամկետով։ Համաձայնագրի պայմաններով՝ ԱՄՆ-ն գրեթե անվճար ստացել է Բետանկուրին պատկանող North American Blue Energy Partners (NABEP) ընկերության 35%-ը։ Վաշինգտոնը նաև հնարավորություն կունենա արդյունահանվող նավթի 20%-ը ձեռք բերել մեկ բարելի դիմաց 30 դոլարով, ինչը հրապարակման պահին գործող շուկայական գնից ավելի քան երեք անգամ ցածր է։
Միևնույն ժամանակ Վենեսուելային կտրամադրվի արդյունահանվող նավթի 16-40%-ը՝ կախված հանքավայրից։ Այդ մասնաբաժինը կտրամադրվի նախքան ամերիկյան կողմին նավթի մատակարարումը։
Բետանկուրը պնդում է, որ համաձայնագիրը կնպաստի երկրի նավթարդյունաբերության վերականգնմանը։ 2023 թվականի վերջից նրա ընկերությունն ավելացրել է արդյունահանման ծավալները՝ օրական 18 հազար բարելից հասցնելով 223 հազարի։ Գործարարը նախատեսում է մինչև 2026 թվականի վերջ արդյունահանման ծավալները հասցնել օրական 275 հազար բարելի, իսկ մինչև 2033 թվականը գերազանցել օրական 1 մլն բարելը։
NABEP-ը իրավունքներ է ստացել այն հանքավայրերի նկատմամբ, որոնց պաշարները գնահատվում են 63.7 մլրդ բարել։ Միլիարդատերը մտադիր է դրամական հոսքերի գրեթե ամբողջ ծավալն ուղղել արտադրության ընդլայնմանը։
Այնուամենայնիվ, փորձագետները կասկածի տակ են դնում այդ ծրագրերի իրագործելիությունը։ Նրանց գնահատմամբ՝ Օրինոկոյի նավթաբեր գոտու նոր հանքավայրերի յուրացումը կարող է պահանջել 15-20 մլրդ դոլարի ներդրում և տևել 5-10 տարի։ Վերլուծաբանները նաև չեն ակնկալում, որ գործարքի շնորհիվ ԱՄՆ-ում բենզինի գները զգալիորեն կնվազեն։
Ինքը՝ Բետանկուրը, շարունակում է մնալ հակասական կերպար։ Նախկինում նրա բիզնեսը բախվել է կոռուպցիոն մեղադրանքների, իսկ այժմ գործարարը հետաքննության շրջանակում է՝ Շվեյցարիայում և Իսպանիայում փողերի լվացման գործերով։ Նա հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները։
Համաձայնագրի ապագան նույնպես կախված է քաղաքական իրավիճակից։ Վենեսուելայի ընդդիմադիր գործիչ Մարիա Կորինա Մաչադոն քննադատել է պայմանագրի ոչ թափանցիկությունը և չի բացառել դրա վերանայումը իշխանության գալու դեպքում։ ԱՄՆ-ում գործարքի օրինականությունը վիճարկում են դեմոկրատները։