Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանում

Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանում

 ՀՀ ՆԳՆ ոստիկանության պատվիրակությունը՝ Ոստիկանության գվարդիայի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանի գլխավորությամբ, աշխատանքային այցով եղել է Օմանի Սուլթանությունում։

Այցի շրջանակում Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Մասկատում մասնակցել է «Ռազմական երաժշտություն․ Օմանը և աշխարհը» միջազգային փառատոնին։

Օմանի ազգային տոնին նվիրված ամենամյա փառատոնն անցկացվել է Մասկատի թագավորական օպերային թատրոնի բացօթյա հրապարակում՝ Թագավորական գրասենյակի նախարար, գեներալ Սուլթան բին Մոհամմեդ ալ Նումանիի հովանավորությամբ։

Եռօրյա փառատոնը մեկ հարկի տակ է համախմբել Օմանի զինված ուժերի և ոստիկանության նվագախմբերին, ինչպես նաև Հայաստանից և Սլովակիայից ժամանած երաժշտական ու պարային խմբերին։

Հայաստանը ներկայացրել են Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը և ՀՀ զինված ուժերի երգի և պարի անսամբլի «Սարդարապատ» պարախումբը։

Համատեղ ելույթի ընթացքում հնչել են Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան» և Արա Գևորգյանի «Արտաշատ» ստեղծագործությունները, ինչպես նաև ներկայացվել են հայկական ավանդական պարեր:

Փառատոնի ավարտին Օմանի Սուլթանությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Հայաստանի ներկայացուցիչներին՝ շնորհակալություն հայտնելով հայկական մշակույթը բարձր մակարդակով ներկայացնելու համար։

Այցի ընթացքում Ոստիկանության գվարդիայի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանը հանդիպել է նաև Օմանի թագավորական ոստիկանության և մաքսային ծառայության գլխավոր տեսուչի՝ օպերատիվ հարցերով տեղակալ, գեներալ-մայոր Աբդալլահ բին Ալի Ալ Հարիսիի հետ։

Հանդիպմանը, որին ներկա է եղել նաև ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը, քննարկվել են Հայաստանի և Օմանի ոստիկանությունների միջև համագործակցության խորացման, ինչպես նաև ոլորտում իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հեռանկարները։

Leave a comment