Քաղաքականություն
15.02.2026 | 11:26
ԱՄՆ բանակում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ Իրանի դեմ հնարավոր երկարատև ռազմական գործողության համար՝ այն դեպքում, եթե նախագահ Դոնալդ Թրամփը հրաման տա հարվածելու։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների, որոնք խոսել են անանունության պայմանով։
Փետրվարի 17-ին Ժնևում կկայանան ԱՄՆ-Իրան բանակցությունները։ Թեհրանի ներկայացուցիչների հետ կհանդիպեն ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշներ-ը, իսկ Օմանի ներկայացուցիչները կգործեն որպես միջնորդներ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցություններից առաջ հայտարարել է, որ Թրամփը կնախընտրեր Իրանի հետ համաձայնության հասնել, սակայն «դա շատ բարդ է իրականացնել»։
Իր հերթին նախագահը փետրվարի 13-ին հիշատակել է Իրանում իշխանափոխության հնարավորությունը՝ նշելով, որ «դա, կարծես, լավագույն բանն է, որ կարող էր տեղի ունենալ»։ Նա չի պատասխանել հարցին, թե ով կարող է ղեկավարել երկիրը, սակայն ասել է, որ «այդպիսի մարդիկ կան»։
Վերջին ամիսներին ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է ուղարկել երկու նավատորմային խմբավորում՝ ավիակիրների գլխավորությամբ։ Բացի այդ, ըստ The Wall Street Journal-ի տվյալների, ևս մեկ ավիակիր հրաման է ստացել պատրաստվել Մերձավոր Արևելքում հնարավոր տեղակայմանը։