Շոյգուն Հարավային Կովկասում իրավիճակի բարելավման միտում է տեսնում

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը նպաստել է Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտում ունի։ Իրենց արդյունքներն են տալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և տարածաշրջանում խաղաղության փաստացի հաստատումը», – ասել է նա ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների XIV ամենամյա հանդիպման ժամանակ։

Այսպես, Շոյգուի խոսքով, մեծ նշանակություն «ունի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, որի վերաբերյալ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել դեռևս աշխատանքային խմբի շրջանակում»։ Միևնույն ժամանակ, բոլոր լոգիստիկ նախագծերը պետք է տնտեսապես հիմնավորված լինեն և ծախսածածկում ապահովեն, հավելել է նա։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձել է նաև Վրաստանում տիրող իրավիճակին։ Նա ասել է, որ Վրաստանի իշխանությունները 2024 թվականին գործնականում կանխել են վրացական արևմտամետ ընդդիմության նախաձեռնած պետական հեղաշրջումը և սկսել են երկրի ազգային շահերի պաշտպանությանն ուղղված քաղաքականություն վարել։

«Ընդգծեմ, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն քաղաքական-դիվանագիտական միջոցներով՝ առանց արտաքին երկրների միջամտության», – հավելել է Շոյգուն։

NEWS.am

Leave a comment