ՀՀ-ում Եվրամիությանը միանալու վերաբերյալ հանրաքվեն պետք է նախորդի հայտի ներկայացմանը. ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ

Հայաստանում Եվրամիությանը միանալու վերաբերյալ հանրաքվեն պետք է նախորդի հայտի ներկայացմանը, վստահ է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Փաշինյանի թիմի նախաձեռնած՝ Եվրոպական միությունում Հայաստանի համար տեղի որոնումը հանգեցրել է պարադոքսալ իրավիճակի, երբ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից ստացված իրական օգուտներն օգտագործվում են մեկ այլ ինտեգրացիոն բլոկ անցնելու անիրական գաղափարը առաջ մղելու համար»,- ասել է Պանկինը:

Նրա կարծիքով՝ ստեղծված հանգամանքներում օրինաչափ տրամաբանական ելքը կլիներ հանրաքվեն, որտեղ Հայաստանի ժողովուրդը, ինչպես նախատեսված է երկրի Սահմանադրությամբ, կարտահայտեր իր կամքը իր հետագա ինտեգրացիոն կուրսի վերաբերյալ:

«Ընդ որում, տրամաբանությունը հուշում է, որ սկզբում պետք է հանրաքվե անցկացնել և հարցնել ժողովրդին, իսկ հետո պաշտոնական հայտ ներկայացնել Բրյուսել, այլ ոչ թե հակառակը, ինչի վրա վերջին շրջանում հրապարակայնորեն պնդում է Հայաստանի ղեկավարությունը», – նշել է Պանկինը:

Փոխնախարարը պարզաբանել է, որ եթե հայտը ներկայացվի, ժողովրդի կարծիքը այլևս ոչ ոքի հետաքրքիր չի լինի:

«Այն ակնհայտ առավելությունների օբյեկտիվ ընկալման համար, որոնք Հայաստանը ստացել է որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, և ինտեգրացիոն կապերի խզումից հնարավոր կորուստների համար վերջերս հանրությանը ներկայացվել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության կատարման շրջանակներում պատրաստված զեկույցը՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին», – հիշեցրել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

Նա հստակեցրել է, որ զեկույցում շարադրված սցենարը դիտարկվում է որպես ծայրահեղ միջոց՝ տնտեսական անվտանգության ռիսկերը և Միության անդամ պետությունների համար վնասը կանխելու նպատակով:

«Կիրականացվի արդյոք դա, կախված է Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների մոտ առաջացած մտահոգությունները փարատելու հայկական ղեկավարության պատրաստակամությունից», – նշել է Պանկինը:

Նա հայտնել է, որ առայժմ այդ հաշվով Երևանից կառուցողական ազդակներ Մոսկվայում չեն ստացել:

Leave a comment