Սկիզբը՝ Մաս 1-ում
2022 թվականի սեպտեմբերին գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը, որի կարողությունն այդ ժամանակ գնահատվում էր շուրջ 1.3 միլիարդ դոլար, հայտարարեց Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու որոշման մասին։
«Երկու պատերազմ տարած և անկախության համար պայքարում իրենց հարազատներին ու մերձավորներին կորցրած արցախցիներն իրենց լքված ու մոռացված են զգում»,- իր որոշումը բացատրում էր Վարդանյանը։
Նույն հայտարարության մեջ նա դիմում էր հայոց պատմական հիշողությանը․ «Մեզ՝ հայերիս համար հասել է գոյաբանական Սարդարապատի պահը։ Այն չենք զգում, ինչպես չենք զգում ճառագայթումը: Բայց եթե բոլորս միասին ուս ուսի չտանք, կկորցնենք այն, ինչը մեր հենարանն է»։
Վարդանյանի այս որոշումը կարելի է դիտարկել որպես Հովհաննիսյան ինստիտուտի հետազոտություններում քննադատական վերանայման ենթարկվող ազգային ինքնության մոդելի կենդանի դրսևորում։ Նրա խոսքում Սարդարապատը պարզապես պատմական հիշողություն չէր, այլ ներկա իրականության մեջ գործելու բարոյական պարտավորություն։ Այն նույն Ավարայր–Սարդարապատ–Արցախ խորհրդանշական շարունակականությունն էր, որի միջոցով, ըստ ինստիտուտի հետազոտողների, հերոսականությունն ու անձնազոհությունը դարձել են հայկական պետական ինքնության բաղադրիչներ։
Սակայն այստեղ ի հայտ է գալիս փիլիսոփայական հակասություն։
Հովհաննիսյան ինստիտուտի հետազոտական ծրագրում ազգային բարձրագույն գաղափարի համար անձնազոհության պատմական մոդելը քննադատական վերանայման է ենթարկվում՝ առաջնային նշանակություն տալով մարդկանց առօրյա կյանքին ու բարեկեցությանը։ Մինչդեռ Վարդանյանի օրինակում անձնազոհությունը ոչ թե հակադրվում էր ուրիշների բարեկեցությանը, այլ հենց դրա ապահովմանն էր ուղղված։
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը հրաժարվում էր սեփական ապահով կյանքի հնարավորություններից և մեկնում մի վայր, որտեղ մարդկանց գոյությունն ու բնականոն կյանքը վտանգված էին։ Նա սեփական բարեկեցությունը ստորադասում էր ուրիշների բարեկեցությանը՝ առաջնորդվելով ազգային պատկանելությունից բխող պատասխանատվությամբ։
Եթե անհատի բարեկեցությունը պետականության և քաղաքականության առաջնային արժեքն է, ապա ինչպե՞ս պետք է գնահատել այն անհատին, որը կամավոր զոհաբերում է սեփական բարեկեցությունը՝ ուրիշների բարեկեցությունը պաշտպանելու համար։
Այս հարցը բացահայտում է հերոսականության և բարեկեցության հակադրության սահմանափակությունը։ Հերոսականությունը պարտադիր չէ, որ նշանակի հանուն վերացական գաղափարի մահվան ձգտում։ Այն կարող է նշանակել գիտակցված հրաժարում սեփական հարմարավետությունից, անվտանգությունից և նյութական հնարավորություններից՝ հանուն ուրիշների կյանքի։
2022 թվականի նոյեմբերին Վարդանյանը նշանակվեց Արցախի պետական նախարար։ Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը շրջափակեց Արցախը։ Վարդանյանն այնտեղ էր՝ շրջափակման մեջ հայտնված բնակչության կողքին։ Նրա նախաձեռնած «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը մասնակցում էր բնակչության սոցիալական և կենսական կարիքների բավարարմանն ուղղված ծրագրերի իրականացմանը։
Միևնույն ժամանակ, 2022 թվականին Հայաստանի կառավարությունը Հովհաննիսյան ինստիտուտին հատկացրել էր 41.813 միլիոն դրամ, իսկ 2023 թվականին՝ ևս 38.941 միլիոն դրամ։ Այդ տարիների հետազոտական ծրագրում քննության էին առնվում ազգային ինքնության, նահատակության, անձնազոհության և պետականության ավանդական ընկալումները։
Այստեղ առաջանում է երկրորդ՝ արդեն հանրային միջոցների օգտագործման հետ կապված հակադրությունը։
Մի կողմից՝ պետությունը հարկատուների միջոցներից ֆինանսավորում էր հետազոտություններ, որոնց գաղափարական առանցքներից մեկը մարդկանց գործնական կյանքի և բարեկեցության առաջնայնությունն էր։ Մյուս կողմից՝ Արցախում մարդիկ կանգնած էին սննդի, դեղորայքի, անվտանգության և գոյատևման խնդիրների առաջ, իսկ նրանց օգնելու համար մասնավոր անձինք ու կազմակերպություններ ներդնում էին սեփական միջոցներն ու ստանձնում անձնական ռիսկեր։
Եթե բարեկեցությունն առաջնային արժեք է, ապա ինչո՞ւ է հանուն այդ բարեկեցության կատարվող անձնական զոհողությունը դառնում քննադատական վերանայման առարկա, մինչդեռ հենց այդ զոհողությունը կարող է լինել ուրիշների գոյատևման պայմանը։
2023 թվականի սեպտեմբերին Արցախը հայաթափվեց։ Ավելի քան 100 հազար հայեր ստիպված լքեցին իրենց տները։ Սեպտեմբերի 27-ին Ռուբեն Վարդանյանը պատանդառվեց Ադրբեջանի կողմից և տեղափոխվեց Բաքու։
Արցախի հայաթափումն այս հակադրությանը տալիս է ողբերգական չափում։ Մարդիկ, որոնց բարեկեցությունն ու անվտանգությունը պետք է լինեին քաղաքականության առաջնային նպատակներից, զրկվեցին իրենց տներից, կենսական միջավայրից և բնականոն կյանքի պայմաններից։
Այստեղ է, որ հարցը դուրս է գալիս զուտ պատմափիլիսոփայական քննարկման սահմաններից։ Կարո՞ղ է արդյոք պետությունը մարդկանց բարեկեցությունն ապահովել՝ առանց այն հավաքական պատասխանատվության և անձնազոհության, որոնց շնորհիվ հնարավոր է պաշտպանել այդ մարդկանց գոյության պայմանները։
Ռուբեն Վարդանյանի օրինակը թույլ է տալիս հակադարձել ազգային հերոսականության և անհատի բարեկեցության միջև կառուցվող հակադրությանը։ Նրա վարքում ազգային ինքնությունը ոչ թե հեռացնում էր մարդուն ուրիշների առօրյա հոգսերից, այլ պարտավորեցնում էր կիսել դրանք։ Սարդարապատի հիշողությունը ոչ թե փոխարինում էր մարդկանց կենսական կարիքներին, այլ դառնում էր այդ կարիքները պաշտպանելու շարժառիթ։
Այս տեսանկյունից անձնազոհությունը բարեկեցության ժխտումը չէ։ Այն կարող է լինել ուրիշի բարեկեցությունը սեփականից վեր դասելու բարձրագույն արտահայտությունը։ Եվ հակառակը, անձնազոհության ժխտումը վերադարձնում է մարդկանց բարեկեցության ստորադասում։
2026թ․ Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանն ապօրինի դատապարտեց 20 տարվա ազատազրկման, այս դատավճռի կայացման հիմքում է ընկած նաև Հովհաննիսյան ինստիտուտի հետազոտությունները, որոնք իրականացվել են մեր գումարներով, մեզնից թաքուն։
Ռուբեն Վարդանյանի և մյուսների ազատությունը, նրանց կյանքի բարօրության վերադարձը կախված նվիրվածության ու անձնազոհության հերոսականության վերադարձով։
Հովհաննիսյան ինստիտուտն ու բարեկեցությունը
2020 թվականին՝ Արցախյան պատերազմի և տարածքների կորստի տարում, Հովհաննիսյան ինստիտուտը պետական բյուջեից ստացել է 6,3 միլիոն դրամ։
2021 թվականին՝ պատերազմին հաջորդած տարում՝ 38,941 միլիոն դրամ։
2022 թվականին՝ Բերձորի և Աղավնոյի հայաթափման ու Հայաստանի դեմ սեպտեմբերյան ադրբեջանական հարձակման տարում՝ 41,813 միլիոն դրամ։
2023 թվականին՝ Արցախի շրջափակման, սովի և ամբողջական հայաթափման տարում՝ 38,941 միլիոն դրամ։
Այսինքն՝ այն ժամանակ, երբ շրջափակված Արցախում Վերա Նարիմանյանը գնացել էր երեխաների համար սնունդ հայթայթելու և վերադարձին նրանց մահացած գտել, երբ մարդիկ սովի էին մատնված, իսկ հայաթափման օրերին վառելիքի պահեստի պայթյունից զոհվել էր ավելի քան 200 մարդ, Հովհաննիսյան ինստիտուտը պետական բյուջեից ստանում էր մոտ 39 միլիոն դրամ՝ իրականացնելու հետազոտություններ, որոնցում քննադատական վերանայման էին ենթարկվում ազգային հերոսականությունն ու անձնազոհությունը՝ առաջնային նշանակություն տալով մարդկանց առօրյա կյանքին ու բարեկեցությանը։
Ստացվում է փիլիսոփայական հակասություն․ երբ արցախցիները կորցնում էին իրենց բարեկեցության ամենատարրական պայմանները՝ տունը, սնունդը, անվտանգությունը, պետական միջոցներով վերանայվում էր հենց այն ազգային անձնազոհության գաղափարը, որի նպատակը կարող էր լինել այդ պայմանների պաշտպանությունը։
Հակասությունն ավելի խորացավ, երբ արցախցի հանդեպ համակարգային ատելություն ու թշնամանք սկսվեց Հայաստանում և առաջացավ վարձակալությամբ ապրելու անբարեկեցիկ պայմաններ նրանց կյանքում, ինչպես նաև անձնագրային, կրթական դժվարություններ ու խոչընդոտներ
Իսկ հարյուր հազարավոր մարդիկ կարողացան փրկվել, քանի որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և Ռուբեն Վարդանյանը անձնազոհաբար հանձնեցին իրենց Ադրբեջանին։
Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: