Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված և ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 167-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների հերթական ատեստավորման կարգում։ Նախագծով նախատեսվում է վերանայել ատեստավորման թեստերի կազմման, քննության կազմակերպման, արդյունքների ամփոփման և բողոքարկման ընթացակարգերը։
Ինչպես տեղեկանում ենք նախագծի հիմնավորումից՝ փոփոխությունների նպատակն է բարձրացնել ատեստավորման գործընթացի արդյունավետությունը, հստակեցնել ներգրավված մարմինների գործառույթներն ու պատասխանատվությունը և ապահովել գործընթացի միասնական ու թափանցիկ կազմակերպումը։
Թեստերը կձևավորվեն ինքնաշխատ եղանակով
Նախագծով առաջարկվում է, որ ատեստավորման թեստերը, դրանց ձևավորման համար օգտագործվող միասնական բազայի առաջադրանքները, ատեստավորման ուղեցույցը և աշխատակարգը մշակվեն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից։
Մշակված առաջադրանքները կներմուծվեն էլեկտրոնային համակարգի միասնական բազա, որի հիման վրա համակարգն ինքնաշխատ եղանակով կձևավորի յուրաքանչյուր մասնակցի թեստը՝ հաշվի առնելով նրա մասնագիտական զարգացման գնահատված կարիքն ու մակարդակը։
Ընդ որում՝ թեստերի կազմման աշխատանքային խմբի անհատական կազմը և թեստերը հրապարակման ենթակա չեն։
Նախարարությունը ատեստավորման առաջին քննությունից առնվազն երկու ամիս առաջ իր պաշտոնական կայքում կհրապարակի ատեստավորման ուղղությունների վերաբերյալ ուղեցույցը, իսկ քննությունից առնվազն մեկ ամիս առաջ՝ ատեստավորման հայտարարությունը՝ ժամանակացույցի, թեստավորման տևողության և այլ անհրաժեշտ տեղեկությունների նշմամբ։
Ինչպե՞ս է կազմակերպվելու ատեստավորումը
Ատեստավորման գործընթացն իրականացնելու է նախարարի հրամանով լիազորված կազմակերպությունը։ Գործընթացի կազմակերպման և իրականացման աշխատանքները համակարգելու նպատակով նախարարի հրամանով կձևավորվի աշխատանքային խումբ։
Ուսուցչի՝ ատեստավորմանը մասնակցելու հայտագրում կհամարվի Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի մանկավարժի մասնագիտական զարգացման ենթահամակարգում «Ենթակա է ատեստավորման» նշման առկայությունը և ատեստավորման շրջափուլի ավարտի վերաբերյալ տեղեկատվությունը։
Ուսուցիչը հնարավորություն կունենա սահմանված ժամկետից շուտ մասնակցելու գիտելիքների ստուգման քննությանը։ Դրա համար անհրաժեշտ կլինի էլեկտրոնային թեստավորումից առնվազն երկու ամիս առաջ համապատասխան նշում կատարել համակարգում։
Ատեստավորումն անցկացվելու է նախարարի հաստատած ժամանակացույցով։ Մասնակիցները քննության անցկացման վայրի, օրվա և ժամի մասին ծանուցում կստանան Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի անձնական էջում։
Յուրաքանչյուր խմբում կարող է ընդգրկվել առավելագույնը 30 մասնակից, իսկ խմբերը կձևավորվեն համակարգում՝ ինքնաշխատ եղանակով։
Քննությունն անցկացվելու է ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով՝ համապատասխան տեխնիկական պայմաններով ապահովված սենյակում։ Նախարարությունը պարտավոր է ապահովել նաև առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մասնակիցների մասնակցության մատչելիությունը։
Ի՞նչ է արգելվելու քննության ընթացքում
Քննությանը մասնակցելու համար ուսուցիչը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ։ Մասնակիցների մուտքը թեստավորման սենյակ կդադարեցվի քննությունն սկսելուց 10 րոպե առաջ։
Քննության ընթացքում մասնակիցներին կարգելվի սենյակ բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր կամ ձեռագիր նյութեր, ինչպես նաև առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ տեխնիկական սարքեր։
Արգելվելու է նաև աղմկել, հուշել, խոսել կամ առաջադրանքների կատարման հետ կապված մասնագիտական հարցեր տալ սենյակում գտնվող անձանց։
Այս պահանջները խախտելու դեպքում մասնակցի քննությունը կդադարեցվի, նրա աշխատանքը կճանաչվի անվավեր և կգնահատվի 0 միավոր։ Խախտման վերաբերյալ արձանագրություն կկազմվի։
Ինչպե՞ս են ձևավորվելու թեստերը և գնահատվելու պատասխանները
Մասնակցի՝ համակարգ մուտք գործելուց հետո միասնական բազայից ինքնաշխատ եղանակով կձևավորվի նրա մասնագիտական զարգացման գնահատված կարիքին և մակարդակին համապատասխան թեստը։
Թեստը բաղկացած է լինելու փակ բազմընտրանքային հարցերից։ Յուրաքանչյուր հարցի համար մասնակիցը պետք է ընտրի մեկ պատասխան։
Յուրաքանչյուր ճիշտ պատասխանը կգնահատվի 1 միավոր, իսկ սխալ կամ անպատասխան թողնված հարցը՝ 0 միավոր։
Սահմանված ժամանակի ավարտից 10 րոպե առաջ մասնակիցը էկրանին կստանա համապատասխան ծանուցում։ Նա կարող է նաև ավարտել աշխատանքը մինչև ժամանակի սպառվելը՝ սեղմելով «Ավարտել» կոճակը։
Եթե մասնակիցը ժամանակի ավարտին չի հասցնի ավարտել թեստը, համակարգն ինքնաշխատ կպահպանի նրա ընտրած պատասխանների վերջին տարբերակները։
Թեստն ավարտելուց կամ հատկացված ժամանակը սպառվելուց հետո համակարգը կձևավորի ամփոփաթերթ, որտեղ կնշվեն մասնակցի յուրաքանչյուր առաջադրանքին տված պատասխանը, ճիշտ պատասխանը, ճիշտ պատասխանների քանակը և տոկոսային հարաբերությունը՝ ըստ բաժինների և ընդհանուր։
Ամփոփաթերթը հասանելի կլինի ինչպես հանձնաժողովին, այնպես էլ տվյալ մասնակցին՝ համակարգի անձնական էջում։
Ո՞ր դեպքում ուսուցիչը կհամարվի ատեստավորված
Նախագծով պահպանվում է ատեստավորման 60 տոկոս նվազագույն շեմը։
Մասնավորապես՝
- Եթե ատեստավորման շրջափուլի ընթացքում որպես մասնագիտական զարգացման կարիք գնահատվել է առարկայական գիտելիքների բաժինը, ուսուցիչը կհամարվի ատեստավորված, եթե համապատասխան առարկայի գիտելիքների ստուգման արդյունքում ցուցաբերի առնվազն 60 տոկոս արդյունք։
- Եթե ատեստավորման շրջափուլի ավարտին գիտելիքների ստուգումն անցկացվում է մասնագիտական զարգացման գնահատված կարիքին համապատասխան մակարդակով, ուսուցիչը պետք է ապահովի առնվազն 60 տոկոս միջին արդյունք։ Ընդ որում՝ նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանով սահմանված յուրաքանչյուր բաժնից նույնպես պետք է ապահովվի առնվազն 60 տոկոս արդյունք։
Այսինքն՝ ընդհանուր միջին արդյունքը 60 տոկոս կամ ավելի լինելը բավարար չի լինի, եթե առանձին բաժիններից որևէ մեկի արդյունքը ցածր լինի 60 տոկոսից։
Եթե ուսուցիչը չհաղթահարի սահմանված նվազագույն շեմը, հաջորդ տարի ենթակա կլինի ատեստավորման՝ չհաղթահարված բաժնով կամ բաժիններով՝ համապատասխան մակարդակում։
Նախագծով սահմանվում են նաև այն դեպքերը, երբ ուսուցիչը կհամարվի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող։ Դա վերաբերում է, մասնավորապես, առարկայի իմացության գնահատված կարիքի դեպքում չատեստավորվելուն կամ քննությանը չմասնակցելուն, ինչպես նաև համապատասխան կարգով ատեստավորված լինելուց հետո ձեռնահասության մակարդակում երկու անգամ չատեստավորվելուն կամ քննությանը չմասնակցելուն։
Ինչպե՞ս և ի՞նչ ժամկետում կարելի է բողոքարկել արդյունքները
Նախագծով նախատեսվում է, որ թեստավորման ավարտից հետո մասնակիցը մեկ ժամվա ընթացքում կարող է համակարգի միջոցով ներկայացնել արդյունքների բողոքարկման դիմում։
Թեստի կամ համակարգչի տեխնիկական խնդրի վերաբերյալ բողոքը ստանալուց հետո մեկ ժամվա ընթացքում խնդիրը պետք է գրանցվի, և մասնակցին տրվի բանավոր պարզաբանում։
Քննության անցկացման համար նախարարի հրամանով կձևավորվի երեք անդամից բաղկացած հանձնաժողով։ Եթե քննություններն անցկացվեն մի քանի կենտրոններում, յուրաքանչյուր կենտրոնի համար կձևավորվի առանձին հանձնաժողով։
Հանձնաժողովի կազմում կընդգրկվեն նախարարության ներկայացուցիչներ։ Նախարարը հանձնաժողովի անդամներից կնշանակի նախագահին և քարտուղարին։
Ինչպե՞ս են ամփոփվելու ատեստավորման արդյունքները
Ատեստավորման արդյունքների ամփոփումից հետո նախարարության համապատասխան ստորաբաժանումը երեք աշխատանքային օրվա ընթացքում բոլոր մասնակիցների անհատական արդյունքները կներկայացնի տարածքային հանձնաժողովներին։
Արդյունքները կներկայացվեն ըստ առարկաների, մարզերի, ուսումնական հաստատությունների, ճիշտ կատարված առաջադրանքների քանակի և տոկոսային հարաբերության՝ ըստ բաժինների և ընդհանուր։
Տարածքային հանձնաժողովները կստեղծվեն նախարարի հրամանով՝ ըստ մարզերի։ Դրանց կազմում կընդգրկվեն համապատասխան մարզպետի աշխատակազմի, իսկ Երևանում՝ քաղաքապետարանի կրթության ոլորտը համակարգող ստորաբաժանման երեք ներկայացուցիչ։
Հանձնաժողովները երկու աշխատանքային օրվա ընթացքում կքննարկեն իրենց գործունեության տարածքում անցկացված ատեստավորման արդյունքները և դրանց վերաբերյալ գրավոր արձանագրություն կներկայացնեն նախարարություն։
Դրանից հետո նախարարության համապատասխան ստորաբաժանումը արդյունքները կներկայացնի նախարարի հաստատմանը։
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։
Նախագիծը դեռևս առաջարկ է․ դրա ընդունման դեպքում կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 167-Ն որոշման գործող հավելվածը կշարադրվի նոր խմբագրությամբ։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։