Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում։ Կվերանայվեն նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմն ու նպաստի նվազագույն չափը, կփոխվեն դիմումների ներկայացման կարգը, ընտանիքի եկամուտների հաշվառման և աշխատունակ, բայց չաշխատող անդամներին եկամուտ վերագրելու պայմանները։ Փոփոխությունները նախատեսվում է կիրառել 2027 թվականի հունվարի 1-ից։
Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնականհարթակում հանրային քննարկման ներկայացրած կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը կարգավորող՝ 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշման մեջ, ինչպես նաև 2019 թվականի հունվարի 24-ի N 50-Ն որոշմամբ սահմանված՝ ընտանեկան և սոցիալական նպաստների կարգավորումներում։
Անապահովության նպաստի շեմն ու նվազագույն չափը կբարձրանան
Նախագծով առաջարկվում է 2027 թվականի համար անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմը ներկայիս 35.875-ից դարձնել 41.000, իսկ նպաստի նվազագույն չափը՝ 3.500 դրամից բարձրացնել 4.200 դրամի։
Այսպիսով, կվերանայվի այն սահմանային ցուցանիշը, որի հիման վրա որոշվում է ընտանիքի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունքը։
Միաժամանակ առաջարկվում է պահպանել 2027 թվականին նախկին համակարգով ընտանեկան նպաստների վճարումների կազմակերպման իրավական հիմքերը՝ համապատասխան փոփոխություններ կատարելով 2019 թվականի կառավարության որոշման մեջ։
Նպաստի դիմում ներկայացնելու կարգը կփոխվի
Նախագծով հստակեցվում է անապահովության գնահատման համար դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակը։ Այսուհետ դիմումը կարող է ներկայացնել ոչ միայն ընտանիքի չափահաս անդամներից մեկը, այլև նրա խնամակալը կամ լիազորված անձը։
Ընտանիքի յուրաքանչյուր չափահաս անդամ պետք է ունենա անհատական օգտահաշիվ սոցիալական պաշտպանության ոլորտի դիմումների միասնական համակարգում։ Դիմում ներկայացնելուց հետո ընտանիքի չափահաս անդամները պետք է իրենց օգտահաշիվների միջոցով ծանոթանան դիմումի բովանդակությանը, հաստատեն անհրաժեշտ համաձայնություններն ու հավաստիացնեն ներկայացված տվյալների ճշտությունը։
Դա պետք է արվի երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Անգործունակ ճանաչված չափահաս անձի փոխարեն համապատասխան համաձայնությունները կարող է հաստատել նրա խնամակալը։
Նախագծով նախատեսվում է նաև, որ խնամակալ կամ լիազորված անձ լինելու հանգամանքը կստուգվի սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգի միջոցով։
Ընտանիքի եկամուտների հաշվառման շրջանակը կընդլայնվի
Նախագծով առաջարկվում է ընտանիքի եկամուտների կազմում ներառել նաև անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին տրամադրվող հետվճարը։
Բացի այդ, ընտանիքի եկամուտների գնահատման համար օգտագործվող տեղեկատվության ցանկը կհամալրվի զբաղվածության, աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի, վարձատրության, աշխատավայրի և վարկային պարտավորությունների վերաբերյալ տվյալներով։
Մասնավորապես, նախատեսվում է գնահատման համակարգում ստանալ նաև երաշխավորության պայմանագրերի վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում՝ երաշխավորված վարկի, երաշխավորության գումարի և վարկի մարման պատմության մասին տվյալներ։
Ընտանիքի չափահաս անդամները դիմումը ներկայացնելիս պետք է համաձայնություն տան իրենց ընտանեկան, առողջական, եկամուտների, վարկային պարտավորությունների և կոմունալ ծառայությունների սպառման վերաբերյալ տվյալների ստուգմանը։
Նախագծով նախատեսվում է նաև, որ ընտանիքի անդամները համաձայնություն կտան իրենց նույնականացման տվյալները համապատասխան սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպություններին և սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնող մարմիններին փոխանցելուն։
Երկու անգամ հարմար աշխատանքից հրաժարվելու դեպքում եկամուտ կվերագրվի
Փոփոխությունների կարևոր ուղղություններից է աշխատունակ, բայց չաշխատող ընտանիքի անդամների զբաղվածության խթանումը։
Գործող կարգավորմամբ աշխատունակ, բայց չաշխատող անդամներին կարող է վերագրվել եկամուտ՝ անկախ փաստացի աշխատանք ունենալու հանգամանքից։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ երկու անգամ հարմար աշխատանքից հրաժարվելու դեպքում այդ անձին վերագրվող եկամտի չափը կբարձրանա նվազագույն ամսական աշխատավարձի չափով։
Միաժամանակ, եթե եկամուտ վերագրելուց հետո վեց ամսվա ընթացքում անձը աշխատանք ձեռք չբերի կամ չդառնա զբաղվածության ծրագրերի կամ միջոցառումների շահառու, հաջորդող ամիսներին վերագրվող եկամուտը յուրաքանչյուր ամիս կավելանա 10.000 դրամով։ Այդ ավելացումը չի կարող գերազանցել նվազագույն ամսական աշխատավարձի չափը։
Նախագծով առաջարկվում է նաև ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամների ընտրությունը եկամուտ վերագրելու նպատակով իրականացնել ինքնաշխատ եղանակով՝ պատահականության սկզբունքով, այլ ոչ թե դիմողի ընտրությամբ։
Կփոխվեն նպաստի իրավունքի գնահատման և դադարեցման պայմանները
Նախագծով հստակեցվում են նաև այն դեպքերը, երբ ընտանիքի անապահովության գնահատումը կարող է դադարեցվել։
Մասնավորապես, եթե ընտանիքի անդամը սահմանված դեպքերում չի ներկայացնում աշխատանք փնտրող անձ հաշվառվելու համար անհրաժեշտ դիմումը, դա կարող է հիմք դառնալ գնահատումը դադարեցնելու համար։
Դիմումը կարող է չընդունվել նաև այն դեպքում, երբ ընտանիքն արդեն ունի համակարգում ներկայացված դիմում և ներկայացնում է նորը՝ բացառությամբ նախագծով նախատեսված դեպքերի։
Առաջարկվում է նաև վերանայել գնահատման համակարգում կիրառվող որոշ բացառող գործոններ։ Մասնավորապես, ավտոտրանսպորտային միջոցի արտադրության տարեթվի չափանիշը կփոփոխվի՝ 2016 թվականը փոխարինելով 2017-ով՝ պահպանելով վերջին տասը տարվա արտադրության սկզբունքը։
Բացի այդ, ընտանիքի անդամի՝ պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված շարքային կազմի ժամկետային զինծառայող կամ քրեակատարողական հիմնարկում պատժի կրումից ազատված անձ լինելու դեպքում եկամտի չվերագրման ժամկետը կառաջարկվի կրճատել վեց ամսից երեք ամիս։
Տնայցի և դիմումների ուսումնասիրման ժամկետները կհստակեցվեն
Նախագծով փոփոխություններ են նախատեսվում նաև ընտանիքի կեցության պայմանների ուսումնասիրության՝ տնայցի կազմակերպման հարցում։
Առաջարկվում է սահմանել, որ առաջին տնայցը կատարվի դիմումի ընդունումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։
Միաժամանակ, եթե այդ ժամկետում տնայցը չի կատարվում գնահատող մասնագետի գործողության կամ անգործության պատճառով, ընտանիքի կեցության պայմանների ուսումնասիրության արդյունքները կստանան 1 արժեք։
Նախագծով նախատեսվում է նաև, որ եթե սահմանված ժամկետներում դիմողին դիմումում առկա անհամապատասխանությունների մասին չեն տեղեկացնում կամ դիմումը չեն հաստատում մասնագետի գործողության կամ անգործության պատճառով, դիմումը կհաստատվի ինքնաշխատ եղանակով։
Կփոխվեն նաև հրատապ օգնության դիմումների ներկայացման կարգավորումները
Փոփոխություններ են նախատեսվում եռամսյա հրատապ օգնության և երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու կապակցությամբ տրամադրվող միանվագ հրատապ օգնության դիմումների ներկայացման գործընթացում։
Մասնավորապես, այդ դիմումները ևս կարող են ներկայացվել ոչ միայն դիմողի, այլև նրա խնամակալի կամ լիազորված անձի կողմից՝ անհատական օգտահաշվի միջոցով։
Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել նաև նախկինում կիրառվող դիմումների ձևերը։
Կառավարության որոշման նախագծով նախատեսվող փոփոխությունները կգործեն 2027 թվականի հունվարի 1-ից,-տեղեկացնում է Iravaban.net–ը։