Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով

Եվրոպական մի շարք հեռուստաընկերությունների խմբագրություններ նոյեմբերի 6-ին էլեկտրոնային փոստով ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ են ստացել, ինչի հետևանքով աշխատակիցները տարհանվել են, իսկ որոշ հեռուստաալիքներ ժամանակավորապես դադարեցրել են հեռարձակումը։ Այս մասին հայտնում է DW-ն Reuters գործակալությանը հղումով։

Սպառնալիքներ են ստացել, մասնավորապես, Իռլանդիայի հանրային հեռարձակող RTÉ-ն, բրիտանական Sky հեռուստաալիքը, բուլղարական մասնավոր Nova հեռուստաընկերությունը և այլ լրատվամիջոցներ։ Ստուգումների արդյունքում դրանցից ոչ մեկի շենքում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։

RTÉ-ի եթերում հեռուստահաղորդումները փոխարինվել են երաժշտությամբ և նախապես ձայնագրված հայտարարությամբ։ Որոշ դեպքերում հեռարձակման ընդհատումը տևել է մինչև երեք ժամ, նշում է Reuters-ը։

Սպառնալիք պարունակող նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով

Reuters-ը հրապարակել է Nova և RTÉ հեռուստաընկերություններին ուղարկված նամակից մի հատված։

«Մենք ցանկանում ենք, որ ամբողջ աշխարհն իմանա մեր մասին, ուստի մեր օպերատիվ աշխատակիցներից մեկը ձեր շենքում պայթուցիկ սարք է տեղադրել։ Այն կպայթի 45 րոպեից։ Ժամանակը սկսեց հաշվվել»,- ասված է նամակում։

Առայժմ հայտնի չէ, թե ովքեր են կանգնած կեղծ սպառնալիքների հետևում։ Սակայն Reuters-ը նշում է, որ RTÉ-ին և Nova-ին ուղարկված նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով։ Գործակալությունն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նշված ազգանունը համընկնում է ԽՄԿԿ Կենտկոմի նախկին գլխավոր քարտուղար Յուրի Անդրոպովի ազգանվան հետ։

Այս միջադեպերը տեղի են ունեցել Եվրոպայում ավիաչվերթների վերաբերյալ կեղծ սպառնալիքների շարքից մեկ օր անց։ Առնվազն 19 ավիաչվերթի դեպքում ռումբի առկայության մասին հաղորդումներ են ստացվել։ Դրանք վերաբերել են եվրոպական տարբեր երկրների, մասնավորապես՝ Ավստրիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Իսպանիայի և Իտալիայի միջև իրականացվող թռիչքներին։

Ստուգումների արդյունքում ինքնաթիռներից ոչ մեկում պայթուցիկ նյութերի հետքեր չեն հայտնաբերվել։

Որոշ ինքնաթիռներ ուղղորդվել են այլ քաղաքներ։ Մասնավորապես, իռլանդական Aer Lingus ավիաընկերության Դուբլին–Հռոմ չվերթն ինքնաթիռում ռումբի առկայության մասին սպառնալիքի պատճառով ուղղորդվել է Ֆրանսիա և վայրէջք կատարել Փարիզից մոտ 100 կմ հեռավորության վրա գտնվող ռազմական օդանավակայանում։

Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը հայտարարել է, որ եվրոպական հատուկ ծառայությունները դեռ չեն պարզել՝ արդյոք լրատվամիջոցներին և ավիաչվերթներին ուղղված սպառնալիքները համակարգված գործողության մաս են։

«Սա պարզապես ցույց է տալիս, թե որքան համեմատաբար հեշտ է նման ոչ սովորական գործողություններով խաթարել հասարակության բնականոն գործունեությունը և անկազմակերպ վիճակ ստեղծել։ Դրանց նպատակն է քաոս առաջացնել, վախ և անհանգստություն սերմանել»,- ասել է Մարտինը։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

Leave a comment