Ուկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը մեկնաբանել է Վաշինգտոնից հնչող հայտարարությունները, որ ռուս-ուկրաինական կարգավորման համատեքստում դիտարկվում են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները և ավելի լայն եվրոպական անվտանգության ճարտարապետությունը։

Եվրոպական կողմը շեշտում է՝ եթե հակամարտության կարգավորման համաձայնագիր կնքվի, դրա շրջանակում եվրոպական անվտանգության ճարտարապետությունը չի կարող վերանայվել։ Նաև այդ փաստաթղթով պետք է երաշխավորվի, որ Ռուսաստանը չի վերազինվի և կրկին չի հարձակվի։

«Մենք արդեն ունենք անվտանգության համակարգ։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանը մշտապես խախտում է այն պայմանագրերը, որոնց վրա հիմնված է այդ ճարտարապետությունը։ ՆԱՏՕ-ն 2021 թվականին սպառնալիք չէր ներկայացնում Ռուսաստանի համար և այսօր էլ սպառնալիք չէ»,– ընդգծել է Կալասը։

Նրա ձևակերպմամբ՝ Վլադիմիր Պուտինը եվրոպական անվտանգության հետ կապված հարցերում վետոյի իրավունք չունի։ Իսկ Ուկրաինան պետք է լիովին ինտեգրվի եվրոպական անվտանգության ճարտարապետությանը։

Կալասը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով տարվող բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը։

Leave a comment