Երեկ ընդդիմադիր 12 քաղաքական ուժեր հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ նշելով հետևյալ առաջնային նպատակները․
Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում,
Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների,
Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն,
Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը Aysor.am-ի հետ զրույցում ընդգծել է՝ այն օրակարգն ու գաղափարը, որոնք նշված են հայտարարությունում, լինելու են իրենց հաջողության գրավականը, որովհետև հենց այդտեղ է նաև խնդիրների և տարաձայնությունների լուծման բանաձևը․
«Ինչպես գիտեք, մեր հայտարարության մեջ շեշտվել է տարաձայնությունների առկայությունը։ Այո՛, բազմաթիվ հարցեր կան, որոնց վերաբերյալ նույն սեղանի շուրջ գտնվող քաղաքական ուժերն ունեն բացարձակապես տարբեր պատկերացումներ և տարբեր գնահատականներ։ Բայց շատ կարևոր է ընդգծել, որ նշված չորս կետերի շուրջ բոլորս միասնական մոտեցում ունենք։
Հետևաբար, համախմբումը այդ չորս կետերի շուրջ է, որոնք բոլորիս համար անհանգստացնող են, որոնց վերաբերյալ ունենք նույնական գնահատական և որոնց լուծման համար տեսնում ենք նույն ճանապարհը։ Խնդիրների լուծման ճանապարհին գուցե լինեն տարբեր առաջարկներ և մոտեցումներ, բայց բանաձևը հենց դա է՝ չորս կետերի շուրջ միանշանակ ունենք գաղափարական ընդհանուր ընկալում, ընդհանուր տեսլական»։
Մանե Թանդիլյանի գնահատմամբ՝ համախմբումը պետք է ընդլայնվի․ մարդիկ պետք է գիտակցեն, որ ընդդիմության, տարբեր քաղաքական ուժերի միջև տարաձայնությունները չեն կարող գերակա լինել ազգային շահի ու արժեքների նկատմամբ․
«Որևէ բան չի կարող հաջողվել, եթե մենք չկարողանանք մարդկանց բացատրել, թե ինչպես է օրինակ, որ ընդդիմադիր երկու ուժեր՝ Հանրապետական կուսակցությունը և «Ապրելու երկիրը», միացել են նույն գաղափարին։ Ես ընդդիմադիր եմ եղել նաև Հանրապետականի ժամանակ և ինչպե՞ս է, որ այժմ այդ ուժերը միացել են նույն գաղափարին և փաստաթուղթ ստորագրել։ Մարդիկ պետք է իմանան, որ տարաձայնությունների առկայությունը բավարար պատճառ չի կարող լինել և երբեք չի կարող գերադասվել ազգային արժեքներին։
Անհրաժեշտ է լուծել միասնականության խնդիրը, որովհետև առանց դրա՝ լուծում չունի այն արհավիրքը, որի առջև կանգնած է Հայաստանի Հանրապետությունը։ Լուծումը միասնական ընկալման մեջ է, և դա պետք է դարձնել օրակարգ։ Եթե այս գործընթացը հաջողվի, և միանան տարբեր հասարակական ու քաղաքական գործիչներ, տարբեր անհատներ, հանրային կարծիք ձևավորողներ, ապա, այո՛, ես տեսնում եմ հաջողությունը։ Եթե դա չստացվի, ապա դժվար կլինի հաջողություն պատկերացնել»։
Ինչ վերաբերում է պայքարի ձևերին, Մանե Թանդիլյանը ասել է.
«Քննարկումներն իրականացվում են փուլ առ փուլ, այդ թվում՝ ճանապարհային քարտեզի շուրջ։ Ինչպես նշվել էր հայտարարության մեջ, այս փուլում խոսքը արժեքների շուրջ համախմբման մասին է։ Թե ինչպես կընթանա ճանապարհը, պարբերաբար կքննարկվի՝ ըստ արդյունավետության և տարբեր քաղաքական ուժերի պատկերացումների։ Յուրաքանչյուր ուժ իր հնարավորությունների շրջանակում, այնտեղ, որտեղ ուժեղ է և ինչն ավելի լավ կարող է անել, դա էլ կանի։
Այնպես որ, որևէ գործողություն բացառել կամ միանշանակ ապավինել միայն մեկ գործողության, չի կարելի»։