Կաթողիկոսի նկատմամբ այս գործողություններն անհիմն են և կրում են ընդգծված քաղաքական բնույթ․ Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է և խորը վրդովմունք հայտնում ՀՀ դատախազության կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և Նորին Սրբության ելքը Հայաստանից արգելելու փաստի առնչությամբ: Հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Հայտարարության մեջ նշված է, որ Կաթողիկոսի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ։

«Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու ակնհայտ հակասահմանադրական և հակաօրինական այս կեցվածքով իշխանությունը խոչընդոտում է Վեհափառ Հայրապետի հովվապետական գործունեությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում անհապաղ վերանայել Կաթողիկոսի Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների և քարտուղարի նկատմամբ կայացված որոշումները։
Փետրվարի 14-ին Փաստաբան Արա Զոհրաբյանը սոցցանի իր էջում հայտնեց, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի (Գևորգ եպիսկոպոս) գործի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Պայմանավորված քրեական վարույթով՝ արգելվել է Ամենայն հայոց Կաթողիկոսի ելքը Հայաստանից։

Արման Սարոյանը (Գևորգ եպիսկոպոս) հայց էր ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն Մասսյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն պաշտոնում։

Դատարանը որոշել էր, որ Սարոյանը պետք է վերականգնվի Մասսյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը (որպես հայցի ապահովման միջոց):

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մասսյացոտնի թեմի առաջնորդ Արման Սարոյանը (Գևորգ եպիսկոպոս) ազատվել էր պաշտոնից հունվարի 10-ին։ «Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականների նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները»,- նշված էր Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ։

Արման Սարոյանը (Գևորգ եպիսկոպոս) այն 10 եպիսկոպոսներից է, որոնք պահանջում են Կաթողիկոսի հրաժարականը, հանդիպումներ ունենում Նիկոլ Փաշինյանի հետ և պարբերաբար հայտարարություններով հանդես գալիս Կաթողիկոսի դեմ։

The post Կաթողիկոսի նկատմամբ այս գործողություններն անհիմն են և կրում են ընդգծված քաղաքական բնույթ․ Մայր Աթոռ appeared first on CIVILNET.

Leave a comment