«Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են և կրում են քաղաքական բնույթ»․ Մայր Աթոռ | ՄԱՄՈՒԼ.ամ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է և խորը վրդովմունք հայտնում ՀՀ դատախազության կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և Նորին Սրբության ելքը Հայաստանից արգելելու փաստի առնչությամբ:
     Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ։
     Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու ակնհայտ հակասահմանադրական և հակաօրինական այս կեցվածքով իշխանությունը խոչընդոտում է Վեհափառ Հայրապետի հովվապետական գործունեությունը։
     Այս ամենը նաև անհարգալից վերաբերմունք է միլիոնավոր հավատացյալների և դարավոր այն կառույցի հանդեպ, որը եղել և մնում է հայոց պետականության անսասան հենասյունը։
     Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում անհապաղ վերանայել Հայոց Հայրապետի, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների և քարտուղարի նկատմամբ կայացված ապօրինի որոշումները, ինչը պառակտում է մեր հասարակությունը, նսեմացնում հայրենի պետության վարկն ու հեղինակությունը»։

Leave a comment