ԵՄ-ն Ուկրաինային հորդորում է արագացնել ռեֆորմներն ու նախանշում է անդամակցության ավելի զգուշավոր ուղի․ Politico

Եվրահանձնաժողովը հորդորում է Ուկրաինային զգալիորեն արագացնել Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումները՝ միաժամանակ առաջարկելով բանակցությունների ավելի զգուշավոր «ճանապարհային քարտեզ»։

Ըստ POLITICO-ի ձեռք բերած փաստաթղթի՝ Կիեւը մինչև 2027 թվականը կարող է նախնական ավարտին հասցնել բանակցությունները քաղաքականության ընդամենը յոթ ոլորտներում։

Մինչդեռ Մոլդովայի պարագայում Բրյուսելը նախատեսում է շատ ավելի հավակնոտ ծրագիր․ հայտնել է Politico-ն՝ հղում կատարելով Եվրահանձնաժողովի մի փաստաթղթի, որը ԵՄ ընդլայնման վերաբերյալ նյութերի ավելի լայն փաթեթի մաս է կազմում։

Ճանապարհային քարտեզում Եվրահանձնաժողովն ընդգծել է, որ Ուկրաինան պետք է «հրատապ և զգալիորեն արագացնի բարեփոխումների տեմպերն օրենքի գերակայության ոլորտում»։

Այս ոլորտում հիմնական պահանջների կատարումը մինչև 2027 թվականի առաջին կիսամյակը նախապայման է հանդիսանում քաղաքականության կոնկրետ ոլորտներում բանակցությունները նախնական ավարտին հասցնելու համար։

Ընդհանուր առմամբ, փաստաթղթում նշվում է յոթ ոլորտ, որոնցում Ուկրաինան կարող է բանակցություններն ավարտին հասցնել մինչև հաջորդ տարի։ Միաժամանակ, Բրյուսելը գիտակցում է, որ անհրաժեշտ փոխակերպումներին խոչընդոտում է լայնամասշտաբ պատերազմը։

Մոլդովային առաջարկվում է ԵՄ անդամակցության զգալիորեն ավելի արագ ուղի։ Փաստաթուղթն ընդգծում է տարբերությունը Ուկրաինայի և Մոլդովայի հեռանկարների միջև, մինչդեռ նախկինում երկու երկրները երկար ժամանակ զուգահեռաբար էին առաջ տանում անդամակցության իրենց հայտերը։

Ըստ Եվրահանձնաժողովի գնահատականի՝ Մոլդովան մինչև 2027 թվականը կարող է ավարտին հասցնել բանակցությունները քաղաքականության ավելի քան 20 ոլորտներում, այնինչ Ուկրաինայի համար նախատեսված ճանապարհային քարտեզն ընդգրկում է ընդամենը յոթը։

Սա ստեղծում է երկու երկրների բանակցային գործընթացների փաստացի տարանջատման հեռանկարը։

Ուկրաինան ԵՄ-ին անդամակցելու հայտը ներկայացրել է 2022 թվականի փետրվարի 28-ին՝ Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից չորս օր անց։ Նույն թվականի հունիսին Ուկրաինային և Մոլդովային շնորհվեց թեկնածուի կարգավիճակ, իսկ 2024 թվականի հունիսին մեկնարկեցին պաշտոնական բանակցությունները։

Այդ ժամանակվանից ի վեր Կիևն ավարտել է ուկրաինական օրենսդրության՝ ԵՄ կանոններին համապատասխանության մանրակրկիտ գնահատումը։ Հոկտեմբերին Ուկրաինան և Մոլդովան սկսեցին բանակցություններ՝ կապված Եվրոպական միության ներքին շուկայի, մրցունակության և տնտեսական աճի հետ։

Եվրոպական հանձնաժողովի «ճանապարհային քարտեզը» առանձնացնում է յոթ ոլորտներ, որոնցում Ուկրաինան կարող է ավարտին հասցնել բանակցությունները վաղ փուլում.

  • կրթություն և մշակույթ՝ 2027 թվականի առաջին կիսամյակում,
  • մտավոր սեփականություն,
  • զբաղվածություն և սոցիալական քաղաքականություն,
  • արդյունաբերական քաղաքականություն,
  • գիտական ​​հետազոտություններ,
  • արտաքին հարաբերություններ,
  • արտաքին քաղաքականություն և անվտանգության քաղաքականություն. այս ոլորտները նախատեսված են տարվա երկրորդ կիսամյակի համար։

Միաժամանակ, ԵՄ-ին անդամակցելը շատ ավելի ընդգրկուն գործընթաց է ենթադրում։ Թեկնածու երկրները պետք է բանակցային 35 գլուխների շրջանակներում իրենց օրենսդրությունն ու պետական ​​ինստիտուտները համապատասխանեցնեն եվրոպական չափանիշներին։ Ուկրաինայի իշխանություններին աջակցելու նպատակով Բրյուսելը ստեղծել է հատուկ աշխատանքային խումբ։

Փաստաթղթում Բրյուսելը չի ​​սահմանում վերջնաժամկետ։ Եվրոպական հանձնաժողովը նմանատիպ զգուշավոր դիրքորոշում է որդեգրել նաև Ալբանիայի և Մոլդովայի պարագայում։ Բացառություն է կազմում Չեռնոգորիան, որի դեպքում որպես անդամակցության պայմանագրի ստորագրման նպատակային ժամկետ սահմանվել է 2027 թվականի հունիսը։

 

Leave a comment