ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով 2027 թվականի բյուջեի նախագծով ՆԳ նախարարությանը հատկացվելիք միջոցները և ծախսերը՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է հատկացնել 144,1 միլիարդ դրամ:
«Պիտի փաստեմ, որ ընդհանուր առմամբ ոչ մի էական, դարակազմիկ փոփոխություն ՆԳ նախարարության բյուջեով տեղի չի ունեցել, որովհետև այն ավելացված միջոցները, որոնք նախատեսված են ՆԳ նախարարության 2027 թվականի բյուջետային հատկացման առաջարկով, վերաբերում են մեր ստանձնած օրենսդրական պարտավորությունները կատարելուն։ Նկատի ունեմ թե՛ ոստիկանության, թե՛ փրկարար ծառայության ատեստավորման համակարգի ներդրումը»,- տեղեկացրեց ՆԳ նախարարը։
Նրա խոսքով՝ կապիտալ հատկացումները մի փոքր են ավելացել՝ հաշվի առնելով, որ հընթացս ունեն սեյսմիկ պաշտպանության ծառայության ներդրումային ծրագիր, որը պետք է իրականացվի, և ունեն նաև շինարարական որոշ կոմպոնենտ, որն այս տարի պետք է հասցնեն իրականացնել։
«Միգրացիայի և քաղաքացիության ծառայության մասով ընդհանուր առմամբ այն հավելյալ միջոցները, որոնք նախատեսված են ֆինանսավորելու համար 2027-ի կտրվածքով, վերաբերում են կենսաչափական համակարգի ներդրմանը։ Գիտեք, որ նոյեմբերի 1-ից գործարկվեց համակարգը, արդեն իսկ ունենք 14 բացված գրասենյակ, և մարտին արդեն կունենանք 23 գրասենյակ»,- հայտնեց նախարարը։
Նա տեղեկացրեց նաև, որ հընթացս Հայաստանի պետական սահմանի անցման կետերում սահմանահատումների ավտոմատացված համակարգերի ներդրման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
«Լիահույս եմ, որ արդեն մինչև տարեվերջ «Զվարթնոց» օդանավակայանում առնվազն մենք կունենանք մուտքի և ելքի հատվածներում համապատասխան սարքավորումները»,- ասաց Սարգսյանը։