Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը, Փակ հանդիպում Շաքիի դեպքով. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Սպիտակում՝ նոյեմբերի 29-ի ընտրությունների շեմին։ ՔՊ ցուցակը գլխավորող գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի դեմ են դուրս եկել նրա ենթակաները՝ տեղակալը եւ վարչական ղեկավարները։

Թեկնածուն՝ Համլետ Մազմանյանը, եղել է Սպիտակի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, հետո որպես անկուսակցական. 3 տարի առաջ ՔՊ-ն նրան հեռացրել է՝ համայնքապետի հետ սուր հակասությունների պատճառով: Մազմանյանը Նիկողոսյանին մեղադրում էր որոշումներն առանց քննարկելու ընդունելու, անարդյունավետ կառավարելու մեջ։

Ուշագրավ է, սակայն, որ Մազմանյանն առաջադրվել է Փաշինյանին աջակից «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակով, որի նախագահը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սիմոն Պետրոսյանն է: Մազմանյանը Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» շարժման կոմիտեի անդամ է, ստացվում է՝ Աննա Հակոբյանի աշխատողը ձեռնոց է նետում Փաշինյանի ուժին։ Թեեւ չի բացառվում, որ ՔՊ-ն կրկնում է Ստեփանավանի սցենարը ով հաղթի, կմտնի «ՔՊ-ի տակ»: Ստեփանավանում էլ թեկնածուներից մեկն ընտրություններից առաջ լքեց ՔՊ-ն, ընդդիմադիր խաղաց, ընտրություններից հետո կոալիցիա կազմեց մեկի հետ, որի հետ «ոչ մի դեպքում չէր համագործակցելու»»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հինգշաբթի օրը Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսվում է քննարկել Շաքիի աղմկահարույց դեպքը, որի ժամանակ ադրբեջանցի զինված անձը կարողացել էր ներխուժել հայկական տուն, ծեծի ենթարկել կնոջը, իսկ ոստիկանությունը չէր կարողացել ժամանակին կանխել տեղի ունենալիքը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քննարկումը հնարավոր է անցկացվի փակ ձևաչափով՝ հաշվի առնելով Ազգային անվտանգության ծառայության հետ կապված հարցերը։ Ակնկալվում է, որ պատգամավորները փակ նիստի ընթացքում հարցեր կուղղեն իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ դեպքի մանրամասները պարզելու և տեղի ունեցածի վերաբերյալ պատասխաններ ստանալու նպատակով։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ավելի վաղ առաջարկել էր Շաքիի դեպքի առնչությամբ ԱԺ որոշման նախագիծ ընդունել։ Հարցի շուրջ երկար քննարկումներից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը խոստացել էր հանդիպում կազմակերպել իրավապահ մարմինների ներկայացուցիչների՝ Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի և ոստիկանության մասնակցությամբ։

Նպատակն էր հասկանալ, թե ինչու է հնարավոր դարձել, որ ադրբեջանցի զինված անձը ներխուժի հայկական տուն, բռնություն գործադրի կնոջ նկատմամբ, և ինչու ոստիկանությունը չի կարողացել կանխել տեղի ունեցածը։

Այժմ, ըստ մեր տեղեկությունների, հարցը տեղափոխվում է պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի քննարկման դաշտ։ Սակայն ուշագրավ է, որ քննարկումը կարող է անցկացվել փակ դռների հետևում։ Սա նշանակում է, որ պատգամավորները հնարավորություն կունենան իրավապահներից պահանջել պարզաբանումներ, բայց հանրությունը, հնարավոր է, չկարողանա ամբողջությամբ տեղեկանալ դրանց բովանդակությանը։

Շաքիի դեպքի շուրջ դեռևս բազմաթիվ հարցեր կան։ Հինգշաբթի օրվա քննարկումը պետք է ցույց տա՝ իրավապահները որքանով են պատրաստ պատասխանատվություն ստանձնել տեղի ունեցածի համար, և արդյոք պատգամավորներին կհաջողվի ստանալ այն հարցերի պատասխանները, որոնք մինչ այժմ մնացել են անպատասխան»։

Leave a comment