Արշակ սրբազանի գործով ինքնաբացարկ հայտնելու համար Գևորգ Մանուկյանի նկատմամբ հայտարարվեց նկատողություն. «Փաստինֆո»

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով ինքնաբացարկ հայտնելու համար Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ հայտարարվեց նկատողություն։ ԲԴԽ-ն բավարարել է Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը՝ հայտարարելով նկատողություն։ Գրում է «Փաստինֆոն»:

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ։ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա։

Ըստ ԱՆ-ի՝ քրեական գործերից մեկով (խոսքն Արշակ Սրբազանի գործի մասին է խմբ․) նախնական դատալսումների ընթացքում դատավորը կայացրել է բացարկն ընդունելու որոշում այն պատճառաբանությամբ, որ քրեական գործը 2018թ․ հարուցվել և քննվել է Արմավիրի մարզային այն քննչական վարչությունում, որտեղ դատավորը 2008-2020թթ աշխատել է՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ Բացի այդ, վարույթի նյութերում առկա է պաշտոնեական անփութության հատկանիշներով քրեական վարույթ նախաձեռնելու մասին որոշում, որն առնչվում է վարույթով որպես իրեղեն ապացույց ճանաչված թմրամիջոցի անհետացմանը»։

Leave a comment