2026 թ․ առաջին ատենախոսության պաշտպանությունը՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում․ թեման՝ Տավուշի ամրոց

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) գործունեության կարևոր ոլորտներից են նաև հնագիտական ուսումնասիրություններն ու պեղումները մեր երկրի տարբեր վայրերում։ Եվ նույն ուսումնասիրություններն ու պեղումների արդյունքների բացահայտումները դառնում են նաև գիտական ատենախոսությունների թեմա։ Ատենախոսությունների պաշտպանությունը տեղի է ունենում ինստիտուտում՝ ոլորտի ճանաչված գիտնականների կողմից ձևավորված մասնագիտական խորհրդի ներկայությամբ։ Փետրվարի 12-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում կայացավ 2026 թ․ առաջին ատենախոսության պաշտպանությունը։ Ինստիտուտի Միջնադարյան հնագիտության բաժնի գիտաշխատող Տիգրան Ալեքսանյանը ՀԱԻ-ին կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի նիստում ներկայացրեց «Բերդի տարածաշրջանի միջնադարյան ամրաշինական համակարգը» խորագիրը կրող ատենախոսությունը։

Տիգրանին ճանաչել եմ, երբ հնագիտական ուսումնասիրություններ էր կատարում նաև Արցախում։ Նրա կողմից իրականացվող հնագիտական պեղումներին անդրադարձել եմ մամուլում՝ կապված նույն Տավուշ ամրոցում, Արարատի մարզի Սպիտակ վանքում, Կոտայքի մարզի Կեչառիսի վանական համալիրում կատարած պեղման աշխատանքների հետ։  Ատենախոսության պաշտպանությանը ներկա էին ՀԱԻ տնօրեն, պ․ գ․ դ․ Արսեն Բոբոխյանը, տարբեր բաժինների աշխատակիցներ, հնագետներ, պատմաբաններ, ուսանողներ, հյուրեր։ Նիստը նախագահում էր Մասնագիտական խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ. գ. դ. Պավել Ավետիսյանը։ Մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարն էր պ․ գ․ դ․ Արսեն Հարությունյանը։ Ատենախոսության գիտական ղեկավարն է պ. գ. թ. Դիաննա Միրիջանյանը։ Ատենախոսության պաշտոնական ընդդիմախոսներն էին պ. գ. դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը և պ. գ. թ. Արմինե Զոհրաբյանը։ Ատենախոսության թեման հաստատվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհրդում։ Առաջատար կազմակերպությունն է Երևանի պետական համալսարանը։ Մինչ պաշտպանությունը՝ ներկայացվեց ատենախոսի կենսագրականը, կարևորվեց նրա կատարած մասնագիտական աշխատանքները։

Տ․ Ալեքսանյանը, ներկայացնելով ատենախոսության բովանդակությունը, նշեց, որ այն նվիրված է Բերդի (նախկին Շամշադինի, ապա՝ Տավուշի շրջան, այժմ՝ Բերդ խոշորացված համայնք) միջնադարյան ամրաշինական կառույցների և պաշտպանական համակարգերի ուսումնասիրությանը։ Աշխատանքը կազմված է ներածությունից և 4 գլուխներից։ «Միջնադարյան ամրոցների ուսումնասիրությանը» նվիրված առաջին գլխում ներկայացված են Տավուշի բերդից բացի, հայտնի ևս 4 ամրոցները՝ Նոր-բերդ, Կածարեթ, Երգեվանք և Մածնաբերդը, ինչպես նաև X-XIII դարերում տարածաշրջանի քաղաքական իրավիճակը։ Երկրորդ գլխում արդեն մանրամասն ներկայացված է Տավուշ բերդը։ Հուշարձանը գտնվում է Բերդ քա­ղաքի հարավարևելյան մասում (աշխարհագրական կոորդ.` 40°87’59.42 N, 45°40’00.11 E), և տարածաշրջանի միջնադարյան ամրաշինական կառույցների շարքում աչքի է ընկնում իր դիրքով, մեծությամբ և անհամեմատ լավ պահպանվածությամբ:

Ի տարբերություն միջնադարյան բազմաթիվ ամրությունների՝ Տավուշ բերդի անվան և տեղորոշման հետ կապված տարակարծություններ չկան: Միջնադարյան պատմիչները մեզ են փոխանցել նրա իրական անունը՝ Տավուշ, այն ներկայացնելով իբրև ամրոց, բերդ և անգամ դղյակ: Ըստ Արտաշես Շահնազարյանի՝ ամրոցն անվանակոչվել է նրա հարավային մասով հոսող համանուն գետի պատճառով: Համադրելով գրավոր սկզբնաղբյուրների տեղեկությունները` հեղինակը հավելում է, որ Տավուշ բերդը եղել է արքունապատկան, կառուցվել է Սմբատ Ա (890-914) թագավորի կողմից` IX դարի վերջից մինչև X դարի առաջին տասնամյակն ընկած ժամանակահատվածում` նպա­տակ ունենալով ամրապնդել իր իշխանությունը Ուտի գավառում և հզորացնել Հայաս­տանի հյուսիսային սահմանների պաշտպանությունը:

Ժողովրդի շրջանում հուշարձանն առավելապես տարածված է Ցլիկ Ամրամի բերդ անվանաձևով, որը կապված է ամրոցի տարածքում ծավալված պատմական իրադարձությունների և մեծամասամբ Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպի հետ։ Տ․ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Տավուշ բերդի անդրանիկ հետազոտություն­ները կատարել է Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը: Իր հեղինակած «Արցախ» աշխա­տության մեջ հետազոտողն անդրադարձել է նաև Տավուշ ամրոցին, մանրամասն ներ­կայացրել հուշարձանի տեղը, դիրքը, պաշտպանական համակարգը, նկարագրել պահ­պանված կառույցների մնացորդները և այլն: Վերջին տարիներին կատարված  պեղումների արդյունքում պարզվել է՝ ամրոցի միջնաբերդը զբաղեցնում է մոտ 500 ք/մ տարածք, որի հյուսիսային, հյուսիսարևելյան և հյուսիսարևմտյան կողմերից կառուցվել են կիսաբոլոր աշտարակներով հզոր պարիսպներ, հարավային մասն անմատչելի է, պաշտպանված է բարձր, ուղղաձիգ կտրվող ժայռերով, իսկ արևելյան և արևմտյան մա­սերում, բնական անառակությունից բացի, կառուցվել են նաև լրացուցիչ պաշտպա­նա­կան կառուցվածքներ: Ամրոցը կառուցված է ժայռոտ բլրի գագաթին, բավական անառիկ է, տարածքի նկատմամբ ունի իշխող դիրք և լայն տեսահորիզոն: Այն բաղկացած է միջնաբերդից և ստորին բերդից: Ամրոցի տարածքում՝ բլրի հարավարևելյան ստորոտում է գտնվում Սբ․ Աստվածածին եկեղեցին, որը փոքր, հատակագծում ուղղանկյուն, միանավ սրահ է՝ հարավարևելյան մասում փոքր ավանդատնով: Կառուց­ված է խոշոր, ճեղքված կրաքարով, միակ մուտքը հյուսիսարևմտյան կողմից է:

Երրորդ գլխում անդրադարձ է կատարվել ներկայիս Բերդ խոշորացված համայնքի՝ նախկին Շամշադինի շրջանի միջնադարյան պաշտպանական համակարգերին։ IX-X դարերում Հայաստանում նորից աշխու­ժանում է ամրաշինական կառույցների հիմնումը կամ վերակառուցումը։ Այս գործըն­թացը լայն թափ է ստանում հատկապես IX դարի վերջում, երբ Բագրատունիների ղե­կավարությամբ, տևական դադարից հետո նորից վեր է հառնում հայոց անկախ պետա­կանությունը: Տ․ Ալեքսանյանը նշեց նաև՝ ամրոցները հսկել են նաև ճանապարհները, որոնք բացի առևտրական և տարանցիկ լինելուց, հեշտացրել են թշնամու երթը։ Վերջին գլխում ներկայացված են Բերդի տարածքի պատմական ամրոցներում կատարված պեղումների արդյունքում գտնված հնագիտական նյութերը։ Դրանք զարգացած միջնադարում տարած­ված խեցեղեն անոթներ են, մետաղե և ապակե տարբեր իրեր, որոնք ըստ զուգահեռ նյութերի թվագրվում են XII-XIII դարերով։ Ատենախոսությունն ավարտվում է եզրակացություններով։

Ատենա­խոսության սահմաններում առաջին անգամ շրջանառության մեջ են դրվել քննարկվող հուշարձանների լուսանկարներ, գրչանկարներ, չափագրություններ, պեղումներից հայտ­նաբերված մեծաքանակ հնագիտական իրեր: Նիստի ընթացքում ելույթ ունեցան Պ․ Ավետիսյանը, Ա․ Հարությունյանը, Դ․ Միրիջանյանը, ընդդիմախոսները, ներկա գիտնականներից Հ. Սիմոնյանը, Ա․ Շահնազարյանը, Ա. Փիլիպոսյանը, ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ Հ. Ավետիսյանը։ Բոլորն էլ բարձր գնահատեցին Տ․ Ալեքսանյանի նվիրումն իր գործին, ինչպես նաև կարևորեցին ատենախոսությունը։ Իհարկե, եղան նաև որոշ առաջարկներ ընդդիմախոսների և ելույթ ունեցողների կողմից: Ելույթներից հետո տեղի ունեցավ գաղտնի քվեարկություն։ Գիտխորհրդի հանձնախմբի 9 անդամները կողմ քվեարկեցին ատենախոսությանը, և Տիգրան Ալեքսանի Ալեքսանյանին շնորհվեց պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Տ․ Ալեքսանյանն իր երախտագիտությունը հայտնեց դիտողությունների, առաջարկների և աջակցության համար։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment